Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Օրացույց. 19-ը փետրվարի. Ն. Հունանյանը ելույթ ունեցավ Սպարապետի ներկայությամբ (տեսանյութ)

1988-ի փետրվարի 19-ը հենց այն օրն է, երբ Լեռնային Ղարաբաղի մարզային կոմիտեն որոշում է ընդունում պոկվել Խորհրդային Ադրբեջանից եւ միավորվել Խորհրդային Հայաստանի հետ: Սկիզբ է դրվում ղարաբաղյան շարժմանը: ԼՂԻՄ-ի ղեկավարների որոշումը հաջորդ օրը՝ փետրվարի 20-ին, Ազատության հրապարակ է հավաքում տասնյակ հազարավոր մարդկանց, որոնք պաշտպանում են ղարաբաղցիների քայլը:

Այսօրվանից հասունանում է ազգային ազատագրական մի շարժում, որն ամբողջությամբ դուրս է գալիս խորհրդային իշխանությունների հսկողությունից:

1991-ի փետրվարի 20-ին Արցախյան շարժումը երեք տարեկան է: Ղարաբաղին՝ Հայաստանի հետ միավորման պահանջը ադրբեջանցիներին ստիպում է շրջափակման մեջ պահել ամբողջ Հայաստանը եւ Ղարաբաղը: Մարդիկ կրկին Ազատության հրապարակում են:

Շարժման 5-րդ տարվա այս օրն արդեն Հայաստանը անկախ է, իսկ Ազատության հրապարակը՝ ոչ այնքան մարդաշատ: Ղարաբաղյան շարժումն արդեն հրապարակի պահանջ չէ, այլ՝ հայ-ադրբեջանական պատերազմ:

1998-ի այս օրը Պետական համալսարանում նշում են ղարաբաղյան շարժման 10-ամյակը: Ամբիոնի առջեւ ելույթ ունեցողներից մեկը ուսանողական շարժման նախկին առաջնորդ Նաիրի Հունանյանն է: Նրան ունկնդրողներից է պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը: Քննադատության պակաս չկա՝ տնտեսությունը քայքայված է, մութ է, ցուրտ է, հայ կինը պակաս բարոյական է: Նրանից հետո ամբիոնին է մոտենում Վազգեն Սարգսյանը: Մարդը խոսում է, հույս է տալիս հիասթափվածներին, Նաիրիի դեմքին լայն ժպիտ է: Այս հանդիպման ժամանակ է, ի դեպ, որ Վազգեն Սարգսյանը հայտարարում է, որ հրաժարվում է «Զինապարտության մասին» օրենքի իր տարբերակից, ըստ որի 18 տարին լրանալուն պես բանակ պետք է գնան բոլորը, ներառյալ ուսանողները:

1998-ի այս օրվա հանրահավաքին հրավիրված էին բոլոր քաղաքական կուսակցությունները: Այստեղ հրաժարականների պահանջ չի հնչում, միակ թեման ղարաբաղյան շարժման 10-ամյակն է: Հարթակում նախագահի երկու թեկնածու է՝ Դավիթ Շահնազարյանը եւ Վազգեն Մանուկյանը: Ելույթները ոգեշնչող են՝ արցախյան շարժումը միակն է, որ ապագա ունի, եւ դեռ մենք կհամոզվենք, որ Արարատից ճերմակ գագաթ չկա, որ մենք սովորական ժողովուրդ չենք:

Նույն օրը նույն հրապարակում համերգ է: «Նոր հայերը» եւ էստրադային աստղերը նույնպես միացել են շարժման 10 տարվա միջոցառումներին: Ժողովրդի մեջ է նախագահի թեկնածու, վարչապետ Ռոբերտ Քոչարյանը: Երեկոյան հրավառություն է, Արամ Ասատրյանի երգերն առավել են ոգեւորում հավաքվածներին:

1999-ի փետրվարի 19-ին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ շարունակվում է մի քանի քուրդ կանանց հացադուլն ի պաշտպանություն օրերս ձերբակալված իրենց առաջնորդ Աբդուլա Օջալանի: Նրանց է միանում նաեւ 13 տարեկան մի երեխա: Հանուն Օջալանի եթե հարկ լինի, պետք է նահատակվեն թե մեծերը, թե փոքրերը:

2000-ի փետրվարի 19-ին հայ ազգը վերջին հրաժեշտն է տալիս 75 տարի առաջ մահացած զորավար Անդրանիկ Օզանյանին : Հրաժեշտ տվողների մեջ է Ղարաբաղի նախագահը, ինքը հպարտ է: Հաջորդ օրը զորավարի աճյունը տեղափոխվում է Մայր Աթոռ, որտեղ տեղի է ունենում հոգեհանգստյան պատարագ։ Կան հուզված մարդիկ: Նույն օրը զորավարի աճյունն ամփոփվում է Եռաբլուրում Վազգեն Սարգսյանի գերեզմանի կողքը:

2001-ի այս օրը «Առավոտ» օրաթերթը հոկտեմբերի 27-ի մեղադրական եզրակացությանը հղում կատարելով գրում է, որ ահաբեկչության նախապատրաստմանը տեղյակ է եղել ԱԱԾ երկու աշխատակից: Սերժ Սարգսյանն այս մասին տեղյակ չէր: Ընդամենը մեկ ամիս առաջ այս մարդն ասում էր, որ գործի նյութերին ծանոթ չէ:

2003-ի փետրվարի 19-ին Հայաստանում տեղի են ունենում նախագահի 4-րդ ընտրությունները։ Հիմնական թեկնածուները նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու Ստեփան Դեմիրճյանն են։ Քոչարյանի օգտին խախտումներն աննախադեպ էին։ Էջմիածնում լցոնումներն ու ահաբեկումները համակարգում էին քաղաքապետն ու պատգամավոր Հակոբ Հակոբյանը Ճոյտ մականվամբ։ Արտաշատում այդ օրը Քոչարյանի օգտին քվեների համար բաժանվում էր ալյուր, իսկ Երեւանի Նոր Նորքում՝ 2 հազարական դրամ ընտրակաշառք։ Բոլոր կաշառվածներին տրվում էր Քոչարյանի օգտին քվեարկած թերթիկներ եւ պահանջում տեղամասից դուրս բերել մաքուր քվեաթերթիկներ։

Հենց Քոչարյանն էլ հաղթում է, ի դեպ, երկրորդ փուլում նույն ոճով իրականացված ընտրությունների արդյունքում։ Այս օրը ընտրություններ տեղի ունեցան նաեւ 2008-ին։ Վարչապետ Սերժ Սարգսյանի մրցակիցը առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն էր։ Նախորդ ընտրություններում գրանցված խախտումներին ուղեկցվում էին արդեն ընտրություններից առաջ ընդդիմության թեկնածուի կողմնակիցների ձերբակալությունները։ Քվեարկության օրվա բռնությունները գերազանցեցին նախորդ ընտրություններին։ Առեւանգում էին վստահված անձանց։ Ընտրակաշառքի միջին չափը 5 հազար դրամ էր։

Սերժ Սարգսյանը հաղթում է առաջին իսկ փուլում։

2010-ի այս օրը Երեւանի ոստիկանապետ Ներսես Նազարյանը բացատրություն է տալիս, թե ինչու է ոստիկանությունը խուզարկության անվան տակ ջարդուխուրդ արել իր ընկեր Խաչատուր Սուքիասյանի գրասենյակի գույքը ։

2013-ի փետրվարի 19-ին նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը Բաղրամյան 26-ում հանդիպում է Սերժ Սարգսյանի հետ հասկանալու համար, թե ինչու են կեղծվել ընտրությունները։ Հովհաննիսյանի առաջին հարցն է՝ տիկին Սարգսյանն ինչպե՞ս է։ Լավ է,-ասում է Սարգսյանը։