Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Չինաստանից ստացվող տվյալները խոսում են կորոնավիրուսի տարածման արագության անկման մասին․ ԱՀԿ (տեսանյութ)

Ամերիկայի ձայն

Աշխարհում կորոնավիրուսով վարակված անձանց թիվը հասել է 72 հազարի: Հիվանդությանը զոհ է գնացել մոտ 1900 մարդ:


Չինաստանի իշխանությունները հայտնում են, որ երեքշաբթի օրը մահացածների թվում է Ուհանում հատուկ այս հիվանդությամբ տառապող հիվանդներին ընդունելու համար կառուցված հիվանդանոցի տնօրենը:

Ինչպես Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն է հայտնում, Չինաստանից ստացվող տվյալները խոսում են հիվանդության տարածման արագության անկման մասին:
Ինչպես կազմակերպության ղեկավարն է ասում, չնայած գոհացուցիչ տվյալներին, դեռեւս շատ վաղ է ասել, որ այս տենդենցը լինելու է շարունակական:

Ըստ պաշտոնական տվյալների, հիվանդների ավելի քան 80 տոկոսը տառապում են հիվանդության ավելի մեղմ տեսակով, եւ շուտով կապաքինվեն:

Չինաստանից դուրս այլ երկրներում այժմ կա կովիդ 19 անվանումը կրող այս հիվանդությամբ տառապող 794 մարդ: 454-ը Ճապոնիայի ափերին խարիսխ նետած զբոսանավի ուղեւորներն են: Երեքշաբթի օրն այստեղ հայտնաբերվել է հիվանդության եւս 88 դեպք:

Միացյալ Նահանգները երկուշաբթի օրը Diamond Princess զբոսանավից տարհանեց իր 300 քաղաքացիներին: Պետդեպարտամենտի հսկողության տակ ուսումնասիրություն է իրականացվում այն հիվանդի խնդրով, որն ախտորոշվել է կորոնավիրուսով Westerdam զբոսանավից դուրս գալուց հետո այն դեպքում, երբ մինչեւ Կամբոջայում ափ դուրս գալը, այս նավում չէր գրանցվել հիվանդության եւ ոչ մի դեպք:


Այս նավն իր 2257 ուղեւորների ու անձնակազմի անդամների հետ մեկ շաբաթ էին անցկացրել ծովում իրենց ուղեւորությունից հետո, երբ նավին իրենց նավահանգիստներում հրաժարվել էին ընդունել Ճապոնիան, Թայվանը, Ֆիլիպիններն ու Թաիլանդը: