Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Ռուստամ Բադասյանն ու Դեբորա Գրիզերը քննարկել են հակակոռուպցիոն պայքարում համագործակցությունը զարգացնելու ուղղությունները

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերի գլխավորած պատվիրակությանը: 

Նախարարը շնորհակալություն է հայտնել արդյունավետ համագործակցության համար և կարևորել ռազմավարական բարեփոխումների իրականացման գործընթացում էական ներդրում ունեցող, ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ գործող ԱՆ «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի գործունեությունը:

Դեբորա Գրիզերը ևս բարձր է գնահատել Հիմնադրամի աշխատանքը, Արդարադատության նախարարության հետ կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում առկա համագործակցությունը և վերահաստատել Հայաստանի կառավարությանը հատկապես հակակոռուպցիոն պայքարում օժանդակելու պատրաստակամությունը:

Զրույցի ընթացքում նախարար Բադասյանը ներկայացրել է Նախարարության առաջնահերթությունները՝ Հակակոռուպցիոն կոմիտեի և Հակակոռուպցիոն դատարանի ստեղծում, ոստիկանության ոլորտի բարեփոխումներ և ԱՄՆ ՄԶԳ գործընկերների հետ քննարկել նշված ուղղություններով համագործակցության հնարավորությունները: 

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի աշխատանքներին աջակցելուն և հակակոռուպցիոն պայքարի արդյունքում դատաիրավական համակարգի նկատմամբ հանրության վստահությունը բարձրացնելուն ուղվված մի շարք հարցերի: 

 ՀՀ ԱՆ տեղեկատվության և  հասարակայնության հետ կապերի վարչություն