Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն Հասարակություն

Արտակ Դավթյանը եւ Կարեն Աբրահամյանը պաշտոնա՞նկ կարվեն․ խոսնակների պարզաբանումը

Մամուլում լուրեր են շրջանառվում, որ վերջին շրջանում զինծառայողների մահվան դեպքերի հետ կապված բարձրաստիճան զինվորականների պաշտոնանկություններ, հրաժարականներ են սպասվում։

Ըստ լուրերի՝ նաև ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Խոսվում է նաև Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանի հրաժարականի և այդ պաշտոնում ՊԲ Շտաբի պետ, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի նշանակման հնարավորության մասին։ 

«Ես նման տեղեկություններ չունեմ»,- «Ա1+»-ի հարցին ի պատասխան՝ ասաց ՊԲ մամուլի խոսնակ, գնդապետ Սենոր Հասրաթյանը։  

ԶՈւ ԳՇ Վարչական ապարատի տեղեկատվական բաժնի պետ, գնդապետ Սամվել Ասատրյանը, անդրադառնալով ԳՇ-ում պաշտոնանկությունների և հրաժարականների մասին լուրերին, ասաց, որ հետո կխոսի։ Ճշտող հարցին, թե հաստատո՞ւմ է, պատասխանեց․ «Իհարկե ոչ։  Հետևեք պաշտոնական կայքերին։ Ասեկոսեներով՝ ով ինչ խոսի, ասի, չի նշանակում, որ մեր գործերը թողնենք, ասեկոսների ետևից ընկնենք»։ 

«Ես նման տեղեկություն չունեմ»,- եզրափակեց ԳՇ մամուլի խոսնակը։