Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Քաղաքացին դիմել է Փաշինյանին` կրած վնասների դիմաց իրեն հատկացնել պետությանը մնացած բնակարանը (տեսանյութ)

Փետրվարի 4-ին քաղաքացի Արտակ Լուլուկյանը «Ա1+»-ի  հարցազրույց էր տվել։ Նա ասել էր, որ 2016 թվականին վրացական մակնշմամբ 15 պարկ ցորենի թեփով կերակրել էր խոզերին, ինչի հետևանքով կենդանիները սատկել էին։

Լուլուկյանը «Ա1+»-ին էր տրամադրել 2016 թվականին գործող ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պատասխանը դեպքի վերաբերյալ։

Բացի իրեն տրամադրված պատասխանից նա  փոխանցել էր նաև ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի բաժնի պետ, արդարադատության մայոր Հ․ Գարանյանին տրամադրված ՍԱՊԾ պատասխանը։ Պատճեններում Լուլուկյանն առանձնացրել էր այն մասերը, որոնցում տարբերություներ կային իրեն ուղարկված ՍԱՊԾ պատասխանում և քննիչին ուղարկված պատասխանում։

Լուլուկյանը դիմել էր մեզ, խնդրելով, որ հարցում ուղարկենք ՀՀ կառավարությանը ենթակա սննդի անվտանգության տեսչական մարմին՝ իմանալու, թե ինչո՞ւ ՍԱՊԾ-ն 2016 թվականին չի տրամադրել խոզերի անկման պատճառների վերաբերյալ ախտորոշումը և պատճառը, ի՞նչ բուժպրոֆիլակտիկ միջոցառումների բացակայության մասին է խոսքը, որի պատճառով սատկել են խոզերը, ինչո՞ւ իրեն 2016-ին չի տրամադրվել այն նույն պատասխանը, ինչ քննչական բաժնի պետին։

Նշենք, որ ՍԱՏՄ պատասխանում նշված է, որ համաձայն «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայության կենտրոն» ՊՈԱԿ-ի 2016 թվականի սեպտեմբերի 5-ի, 7-ի և 8-ի N2721 անասնաբուժական փորձաքննությունների եզրակացությունների նմուշներում, պարազիտային, ինֆեկցիոն հիվանդությունների հարուցիչներ և թունանյութեր չեն հայտնաբերվել, ստամոքսի պարունակյալում կերակրի աղի պարունակությունը նորմայի թույլատրելի սահմանում է եղել։

Իսկ բուժպրոֆիլակտիկ միջոցառումների մասով՝ ՍԱՏՄ-ն նշել է, որ Արտակ Լուլուկայնի կողմից խոզերը պահվել են բաց պահվածքով՝ «Թորոսի տղու ձոր» կոչվող հանդամասում, ոչ բավարար զոոհիգիենիկ պայմաններում, առանց անասնաբուժական հսկողության և այդ կենդանիների նկատմամբ չի իրականացվել որևէ բուժկանխարգելիչ միջոցառում։

Լուլուկյանը «Ա1+»-ի հետ զրույցում ասաց, որ ՍԱՊԾ-ին այն ժամանակ փոխանցել է սատկած խոզի նմուշ, խոզի քթից և բերանից, ականջներից արյուն էր հոսում, իսկ դա տեղի է ունենում միայն թունավորման դեպքում։

Քաղաքացին նաև ասաց, որ նախկինում Թբիլիսյան խճուղի 5 հասցեում գտնվող հանրակացարանային շենքում ունեցած բնակարանը կնոջ հետ վաճառել են և գնացել Տավուշի մարզ անասնաբուծությամբ զբաղվելու, սակայն խոզերի հետ կապված դեպքից հետո վերադարձել է և սեփականատիրոջ մահվանից հետո կրկին տեղավորվել այնտեղ։

«Մենք հարևան ունեինք, կին էր։ Ինքն ապրում էր մեր կողքը, մահացել է այդ կինը՝ մի քանի ամիս է։ Այդ տունը պետական տուն է, պարո՛ն վարչապետ, ես անձամբ Ձեզ դիմում եմ ներկայացրել այդ տան համար։ Ու խնդրում եմ, որ բավարարվի իմ դիմումը, քանի որ ես պետական ծառայությունների անփութության, հանցագործության պատճառով ներկա պահին մնացել եմ դրսերը»,- նշեց նա։    

Մանրամասները փաստաթղթերում, տեսանյութում