Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

«Փաշինյանը պարտավոր էր խոսել Թալիշում հայ ծերունիների գլխատման և այլ դեպքերի մասին»

Հարցազրույց ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի հետ։

- Մյունխենի անվտանգության գագաթաժողովի շրջանակներում տեղի ունեցավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ հանրային քննարկումը։ Ինչպե՞ս եք գնահատում դրա արդյունքները, արդյոք Նիկոլ Փաշինյանը կարողացա՞վ ներկայացնել հայկական կողմերի համար կարևոր բոլոր մոտեցումները։

- Նախ՝ հանդիպման փաստն ինքին շատ կարևոր է ու ըստ էության աննախադեպ բանակցային գործընթացի ողջ պատմության համար։ Իմ հիշողությամբ՝ բանակցային գործընթացի ավելի քան քսանհինգամյա պատմության ընթացքում երկու երկրների առաջնորդները հրապարակային դեբատի չեն մասնակցել, այդ առումով մյունխենյան հանդիպումն արդեն իսկ կարելի է պատմական համարել։ Չափազանց կարևոր էին նաև հանդիպման ձևաչափն ու վայրը։ Այն, որ դեբատը կայացավ հենց համաշխարհային անվտանգության հարցում առանցքային նշանակություն ունեցող  Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում, վկայում է, որ աշխարհը, առնվազն արևմտյան հանրույթը, Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը շաղկապում է միջազգային անվտանգության համակարգին, ինչը ըստ էությա, նույնական է մեր՝ հայկական կողմերի դիրքորոշման հետ։ Այս փաստն, ի դեպ, անուղղակիորեն վկայում է նաև միջազգային հանրության կողմից համաշխարհային անվտանգության ներկայիս համակարգում հայկական կողմերի գնահատանքի մասին, քանի որ հենց մեր զինված ուժերի շնորհիվ է պաշտպանվում այսօրվա միջազգային անվտանգության համար կարևոր նշանակություն ունեցող ստատուս-քվոն մեր տարածաշրջանում։ Ու, ի վերջո, որքան էլ պարզունակ հնչի, շատ ավելի լավ է, երբ կողմերը խոսում են, քանի որ խոսելը էապես նվազեցնում է միմյանց վրա կրակելու վտանգը։

Կուզենայի շեշտել նաև այն կարևոր հանգամանքը, որ այս դեբատը կայացավ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանուց դուրս, մինչդեռ մենք Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված բոլոր գործընթացները տեսել ենք հենց այդ ձևաչափում՝ բացառությամբ մի քանի հանդիպումների, որոնք կազմակերպվել են հիմնականում ռուսական կողմի նախաձեռնությամբ, և մեզ համար որևէ շահեկան արդյունք չեն ապահովել։ Ընդհանուր առմամբ հանդիպման ձևն ու ձևաչափն արդեն հետաքրքիր ու կարևոր էին, թեև հենց դրանց հետ կապված կային նաև որոշ թերություններ, մեզ համար ոչ շահեկան նրբերանգներ. նկատի ունեմ քննարկման լեզուն, Նիկոլ Փաշինյանի անգլերենն ակնհայտորեն ավելի թույլ էր, քան Ալիևինը, քննարկելի նրբերանգներ կային նաև երկու առաջնորդների մարմնի լեզվի, միմիկաների հետ կապված։ Սրանք փոքր դետալներ են, որոնք, սակայն, կարևոր են, և հուսամ, որ հետագայում հաշվի կառնվեն մեր դիվանագիտության կողմից, որ Նիկոլ Փաշինյանն ապագայում նման միջոցառումներին կներկայանա ավելի պատրաստված։

- Իսկ ինպե՞ս եք գնահատում բովանդակային կողմը։

- Այն մեզ համար ուներ ինչպես ուժեղ, այնպես էլ թույլ կողմեր։ Ուժեղ կողմերից եմ համարում այն, որ Նիկոլ Փաշինյանը փորձ արեց ճեղքել ավելի քան քսանհինգամյա կարծրացած կաղապարները, նա խոսեց բանակցային գործընթացում մինի հեղափոխությունների, այսինքն՝ նոր մոտեցումների, ստեղծարարության, նորարարության  մասին։ Սա չափազանց կարևոր է, քանի որ բանակցային գործընթացի անարդյունավետության պատճառներից մեկն էլ կաղապարվածությունն ու չափից ավելի պահպանողականությունն է։ Այս առումով Նիկոլ Փաշինյանի մոտեցումները դրական պետք է գնահատել։ Չափազանց կարևոր եմ համարում նաև նրա ելույթի այն մասը, որում նա ազատագրված տարածքները ներկայացրեց որպես անվտանգության բաղադրիչ՝ հստակորեն արձանագրելով, որ անվտանգությունը զիջման ենթակա չէ։ Բովանդակային մասի թույլ կողմերից պետք է համարել Փաշինյանի պատմական էքսկուրսները, Տիգան Մեծի ժամանակներին նրա արած հղումները՝ հանդիպման սկզբում և վերջում, այնքան էլ հաջողված չէին։ Բավական խոցելի էր նաև Խոջալուի մասին նրա հակափաստարկը, երբ նա հղում արեց Ադրբեջանի նախկին նախագահ Մութալիբովի հայտնի խնդրահարույց հարցազրույցին։ Փոխարենը Նիկոլ Փաշինյանը կարող էր և պետք է խոսեր Ադրբեջանի կողմից հայկական բնակչության ցեղասպանության մասին Սումգայիթում, Բաքվում, Շահումյանում, վերջապես նա պետք է հիշեցներ ընդամենը չորս տարի առաջ Թալիշում հայ ծերունիների գլխատման սարսափազդու դեպքը, նա պարտավոր էր խոսել Ռամիլ Սաֆարովի կողմից Գուրգեն Մարգարյանին կացնահարության ենթարկելու դեպքի մասին։ Ինձ համար անհայտ ու անհասկանալի պատճառներով, սակայն, Նիկոլ Փաշինյանը չօգտագործեց մեզ համար այդքան հզոր կռվանները՝ կենտրոնանալով Մութալիբովի հարցազրույցի վրա։

Բացասական եմ գնահատում նաև այն փաստը, որ քննարկման ողջ ընթացքում Նիկոլ Փաշինյանի կողմից չհնչեց «ազգերի ինքնորոշում» արտահայտությունը, խոսք չեղավ մարդու իրավունքների մասին, փորձ չարվեց Ղարաբաղյան հակամարտությունը ներկայացնել մարդու, անհատի իրավունքների պրիզմայով, ինչը չափազանց կարևոր է հատկապես արևմտյան հանրույթի համար։ Եթե ամփոփենք քննարկման բովանդակությունը, ապա այն մեզ համար ուներ ինչպես շահեկան, այնպես էլ խոցելի բաղադրիչներ։

- Ինչպե՞ս կանդրադառնա մյունխենյան հանդիպումը բանակցային գործընթացի հետագա փուլերի վրա։

- Այն անշուտ էական ազդեցություն կունենա Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հետագայի վրա։ Եվ այդ առումով կարևոր է ոչ միայն հանդիպման փաստն ինքնին, այլ նաև այն հանգամանքը, որ այդ դեբատից հետո Նիկոլ Փաշինյանը հրապարակեց «մյունխենյան սկզբունքները», որոնք արձանագրում են հայկական կողմի դիրքորոշումը բանակցային գործընթացի հիմնական սկզբունքների և տարրերի վերաբերյալ։ Չափազանց կարևոր է, որ մեր դիվանագիտությունը կարողանա այդ սկզբունքները ներառել բանակցային գործընթացում, դրանք դարձնել բովանդակային քննարկման առարկա։ Այս և մի շարք այլ պատճառներով մյունխենյան դեբատները միանշանակորեն ազդելու են բանակցային գործընթացի շարունակականության վրա։ Ի դեպ շատ ցանկալի կլիներ, որ այս ձևաչափով հանդիպումները դառնային շարունակական ու պարբերական,  թեկուզ ամենամյա կտրվածքով, ինչու ոչ՝ հենց Մյունխենի ամենամյա անվտանգության գագաթաժողովի շրջանակներում։ Կարծում եմ՝ մեր դիվանագիտությունը կարող է աշխատել այդ ուղղությամբ։

- Իսկ ինչպիսի՞ ազդեցություն կունենա այս հանդիպումը միջազգային հանրության տեսակետի վրա։ Արդյոք հայկական կողմը այս հանդիպումից հետո ավելի շահեկան վիճակում կհայտնվի՞։

- Ինչպես ասացի, շատ ցանկալի կլիներ, որ այդ քննարկման արդյունքում աշխարհում ավելի շատ երկրներ ու կենտրոններ Ղարաբաղյան հակամարտությանը վերաբերվեին որպես մարդու իրավունքների ու ազատությունների խնդրի՝ որպես դրա հետևանք՝ առաջ մղելով ազգերի ինքնորոշման սկզբունքը։ Այս տեսանկյունից, ցավոք, քննարկոմը էական առաջընթաց չարձանագրեց։ Մյուս կողմից՝ հանդիպման ընթացքում խաղաղասիրական դիրքերից հանդես էր գալիս ավելի շատ Նիկոլ Փաշինյանը, քան Իլհամ Ալիևը։ Այս մոտեցումը որոշակիորեն խոցելի է ներքին լսարանի վրա ազդեցության տեսանկյունից, քանի որ մարդիկ կարող են մտածել, որ մենք, լինելով պատերազմում հաղթած կողմ, այդքան չպետք է խոսենք խաղաղությունից, որ խաղաղության խնդրարկուի դերում պետք է լինի ավելի շատ Ադրբեջանը։ Այս իմաստով Նիկոլ Փաշինյանը որոշակիորեն վտանգելով ներքին լսարանի վրա հնարավոր ազդեցությունը, որը կարող է իրեն խոցելի դարձնել, Մյունխենում հանդես եկավ խաղաղության մասին բարձրաձայնող առաջնորդի դիրքերից, ինչը վստահ եմ՝ աշխարհն ընդունելու ու գնահատելու է դրականորեն։ Այսինքն՝ միջազգային հանրությունն արձանագրելու է, որ Հայաստանն ավելի կառուցողական կողմ է, քան Ադրբեջանը, ինչը ևս չափազանց կարևոր է։

- Կունենա՞ արդյոք մյունխենյան հանդիպումը ներքաղաքական ազդեցություն, եթե հաշվի առնենք, որ մարտին նախագահական և խորհրդարանական ընտրություններ են սպասվում Արցախում, իսկ ապրիլի 5-ին Հայաստանում կայանալու է սահմանադրական փոփոխությունների հանրաքվե։

- Վստահ եմ, որ այդ հանդիպումը կունենա նաև ներքաղաքական ազդեցություն ինչպես  Արցախում, այնպես էլ Հայաստանում։ Մյունխենում Նիկոլ Փաշինյանը չեզոքացրեց ամենատարբեր մանիպուլյացիաներով ու ամենատարբեր կողմերից իրենց ուղղվող զիջողականության մեղադրանքները։ Իսկ այդպիսի մեղադրանքներ հնչում էին ու են ինչպես Արցախում, այնպես էլ Հայաստանում։ Այդ դիրքերից էր հանդես գալիս Արցախի նախագահական ընտրություններում առաջադրված թեկնածուներից մեկը, որը Նիկոլ Փաշինյանի մյունխենյան ելույթից ու նրա կողմից «մյունխենյան սկզբունքների» հրապարակումից հետո պետք է ամբողջությամբ փոխի իր քարոզչական ռազմավարությունն ու մարտավարությունը։ Նույնը վերաբերում է նաև ներհայաստայան գործընթացներին, այդ թվում՝ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին։ Չմոռանանք, որ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը իրեն դիրքավորում էր որպես նաև արցախյան ազատագրված տարածքներ պաշտպանողի, որով իբրև թե զբաղվում է ՍԴ նախագահի պաշտոնում։ Հիմա, Նիկոլ Փաշինյանի մյունխենյան ելույթից, հրապարակված սկզբունքներից հետո, նրա ու ՈՉ-ի հրապարակային ու թաքնված կողմնակիցների քարոզչական զինանոցը ի դերև  եղավ, նրանք ստիպված են լինելու հորինել այլ փաստարկներ ու մեղադրանքներ։ Ընդհանուր առմամբ, կարծում եմ, Նիկոլ Փաշինյանը մյունխենյան ելույթով ու հրապարակված սկզբունքներով ամրապնդեց իր ու իշխանության դիրքերը սահմանադրական փոփոխությունների հանրաքվեում։