Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_Image-4
A A
Պաշտոնական

Սա ինչ քաղաք է, ինչ կյանք է՝ առանց Գերմանի ներկայության…Աշոտ Բլեյան

Գերմանին միշտ հանկարծակի եմ հանդիպել. հայտնվել է նա այդպես՝ հանկարծակի… 2008-ի մարտի 1-ի վաղ առավոտով… 2000 չգիտեմ որ տարում, որ օրը՝ Արամի փողոցում՝ իր արվեստանոցում, պարզվեց… 2015-2016-ի իր վարպետության պարապմունքին Գեղարվեստի սովորողների հետ… Գրիգոր Խաչատրյանի հետ, չգիտեմ՝ որ ցուցասրահում…  Ընկերական որ սեղանի շուրջ… Միշտ անսպասելի ու սպասված… Վերջին անգամ շաբաթներ առաջ կրթահամալիրում՝ Վիգեն Ավետիսի քանդակի դպրոցում։ Քանդակագործ Սահակ Պողոսյանը վարպետության դաս էր անցկացնում սեբաստացիների մի խմբի հետ, վերականգնում էր իր Վեներան։ Գերմանն էլ եկել էր որպես ընկեր… Գերմանը մեր սովորող 4-ին դասարանցի Ռաֆայել Խեչոյանի միջոցով, որին ինքը Ռաֆայել Սանտի էր ասում, ինձ էր ներկայացնում իմ դպրոցը, մեր մանկավարժությունը այնպես, ինչպես ինքը գիտի՝ գերմանավարի… Ուրիշ ոչ ոք չգիտի…

Ու հերթական անգամ պայմանավորվեցինք հատուկ հանդիպել՝ երկուսով ու միասին անցկացնել օրը։ Որ հաստատ լինի, տեղն էլ ընտրեցինք՝ Արատեսը։ Քայլենք, ոչ ոք չխանգարի, ու Գերմանը իր մասին պատմի… Ախր, ես իր մասին ի՞նչ գիտեմ… Այսքան մոտ, հարազատ, բացառիկ Գերման Ավագյանի մասին…

Պիտի գնար այսպես հանկարծակի… Ամենահարազատներից մեկը քաղաքում, ով, վստահ եմ, ինձ, քեզ ամենալավը գիտի, կարևորել-արժևորել է գերմանավարի

Ես այսպես հանկարծակի կորցրի իմ ամենահարազատներից… Ես այդ ժամանակ  արտասվում եմ, ինչպես կեսգիշերին, ինչպես հիմա… Իմ գրկում՝ մի տարեկան երեք ամսական դարձող Աստղիկը, ում Գերմանը անգամ չհասցրեց տեսնել, գրկել…

Մենք կհանդիպենք, իհարկե։

Դեռ պետք է ճանապարհել… Գիտակցել…

Իմ ընկեր Գերման ջան… Սա ինչ քաղաք է, ինչ կյանք է՝ առանց Գերմանի հայացքի, աչքի, առանց նրա ներկայության…

Լուսանկարը՝ Գերման Ավագյանի 

Աղբյուր՝ https://ashotbleyan.mskh.am/17-02-2020/?fbclid=IwAR2qw9eVLD5yBPPySmcaz56qgCSWSA7AhlndQ6dX-K1RSL31989lYKqtoJo

Հիշեցնենք, որ նախօրեին կյանքից հեռացել է հայտնի լուսանկարիչ և ֆոտոլրագրող Գերման Ավագյանը: