Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Զոհրաբ Մնացականյանի մյունխենյան հանդիպումները (տեսանյութ)

Փետրվարի 15-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Մալթայի արտաքին գործերի և եվրոպական հարցերով նախարար Էվարիստ Բարտոլոյի հետ:

Նախարար Մնացականյանը շնորհավորեց նախարար Բարտոլոյին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ հաջողություն մաղթելով նրան այդ պատասխանատու առաքելության մեջ:

Արտգործնախարարները գոհունակություն հայտնեցին երկու երկրների միջև հաստատված  համագործակցության դինամիկայի կապակցությամբ և վերահաստատեցին փոխադարձ պատրաստակամությունը՝ համատեղ ջանքեր գործադրել այն առավել ընդլայնելու ուղղությամբ, այդ թվում բարձրաստիճան փոխայցերի և հանդիպումների, արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև պարբերական խորհրդակցությունների անցկացման միջոցով: Որպես երկկողմ փոխգործակցության հեռանկարային ուղղություններ առանձնացվեցին կրթության, մշակույթի, առևտրատնտեսական, խելացի գյուղատնտեսության և թափոնների կառավարման ոլորտները:

Քաղաքական երկխոսության առավել խորացման համատեքստում երկուստեք ընդգծվեց համագործակցության միջխորհրդարանական ձևաչափի դերը և վերջինիս ընձեռած ներուժի լիրաժեք օգտագործման կարևորությունը: Արտգործնախարարները բարձր գնահատեցին միջազգային կառույցների շրջանակներում Հայաստանի և Մալթայի միջև առկա արդյունավետ համագործակցությունը և փոխադարձ աջակցությունը: 

Նախարարներ Մնացականյանը և Բարտոլոն մտքեր փոխանակեցին միջազգային և տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցերի շուրջ:

 

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Ղազախստանի ԱԳ նախարար Մուխտար Թլեուբերդիի հետ

Մյունխենի անվտանգության խորհրդաժողովին մասնակցելու նպատակով Գերմանիայում գտնվող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը փետրվարի 15-ին հանդիպում ունեցավ Ղազախստանի Հանրապետության ԱԳ նախարար Մուխտար Թլեուբերդիի հետ։

Զրուցակիցները շեշտեցին երկկողմ հարաբերությունների պատմականորեն բարեկամական բնույթը և երկուստեք կարևորեցին քաղաքական երկխոսության, այդ թվում բարձր մակարդակի փոխայցելությունների ակտիվացման անհրաժեշտությունը։ 

Զրուցակիցներն ուղենշեցին հայ-ղազախական հարաբերություններում առկա ներուժի լիարժեք օգտագործմանն ուղղված քայլերը՝ այդ թվում միջկառավարական առևտրատնտեսական հանձնաժողովի աշխատանքների ակտիվացման, գիտամշակութային բնագավառում համագործակցության, բարձր տեխնոլոգիաների ոլորտում առկա լայն հնարավորությունների օգտագործման միջոցով։

Հայաստանի և Ղազախստանի ԱԳ նախարարներն անդրադարձան միջազգային և տարածաշրջանային կազմակերպություններում հաստատված արդյունավետ համագործակցությանը, ուղենշեցին ԵԱՏՄ ու ՀԱՊԿ շրջանակներում գործընկերության զարգացման և ամրապնդման հեռանկարներին:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին նաև միջազգային ու տարածաշրջանային հրատապ խնդիրների շուրջ։

 

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Կիպրոսի ԱԳ նախարար Նիկոս Խրիստոդուլիդեսի հետ

 

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում ունեցավ Կիպրոսի Հանրապետության ԱԳ նախարար Նիկոս Խրիստոդուլիդեսի հետ։

Զրուցակիցներն անդրադարձան հայ-կիպրական օրակարգի մի շարք հարցերի՝ գոհունակությամբ ընդգծելով երկու ժողովուրդների դարավոր բարեկամության վրա խարսխված միջպետական հարաբերությունների բարձր մակարդակը: 

Նախարարներ Մնացականյանն ու Խրիստոդուլիդեսը հանգամանալից քննարկեցին 2019 թ․ հիմնված Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ մեխանիզմի զարգացման հեռանկարները ու 2020 թ․ ապրիլին Երևանում նախատեսվող առաջին գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքների մանրամասները։

Զրուցակիցներն անդրադարձան նաև Հայաստանի և Եվրամիության միջև գործընկերության հարցերին՝ այդ առնչությամբ կարևորելով ԵՄ և ԵՄ անդամ երկրների հետ համագործակցության իրավական նոր հիմք հանդիսացող Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ 

Հայաստանի և Կիպրոսի ԱԳ նախարարները մտքեր փոխանակեցին տարածաշրջանային և միջազգային օրակարգի հրատապ հարցերի շուրջ: Կողմերն ընդգծեցին տարածաշրջանային անվտանգության ու կայունության պահպանման և ամրապնդման գործում միջազգային համագործակցության կարևորությունը: