Ինձ համար անձնական վիրավորանք է, երբ բանակում տեղի ունեցողը վերագրում են հանրությանը. Նինա Կարապետյանց (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՎերջին ամիսների ընթացքում բանակում են զինծառայողների մահվան դեպքեր գրանցվում։ Այս հանգամանքով անհանգստացած՝ մի քանի իրավապաշտպաններ այսօր հավաքվել էին Բաղրամյան մեկ հասցեում : Հանդիպման նպատակն էր իրենց հետագա քայլերը քննարկել և պատասխանատու մարմինների ուշադրությունը հրավիրել խնդրի վրա։
«Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Նինա Կարապետյանցը նշեց՝ ափսոսում է, որ թեեւ ֆեյսբուքյան էջում նախապես հայտնել էին հանդիպաման մասին, սակայն պատգամավորներից ոչ մեկ ներկա չէ:
«Մենք ընտրել ենք այդ պատգամավորներին, մենք իրենց ձայն ենք տվել, վստահել ենք, և սա այն խնդիրն է, որ յուրաքանչյուրիս համար թիվ մեկ խնդիրը պետք է լինի ՝ հույս ունեմ, որ կարձագանքեն: Ինձ համար անձնական վիրավորանք է, երբ բանակում տեղի ունեցող խնդիրները վերագրում են հանրությանը: Տպավորություն է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, բոլորը կրիմինալ բարքերի կրողներն են, մենք բոլորս մեր երեխաների դաստիարակում ենք օրենքով գող, և այդ 18 տարեկան զինվորը կարողանում է կազմալուծել կազմավորված բանակը: Չի կարող այդպիսի բան լինել, ձեր ներսում ման եկեք խնդիրները: Այո ներսում էլ կան խնդիրներ, բայց խնդիրը ձեր ներսում է, ուժ և խիզախություն ունեցեք, ընդունեք ձեր խնդիրները, ներսում գտնել մեղավորներին և պատժել: Պետք է ունենանք երաշխիքներ, որ երեխան գնալու է բանակ, և ինքնասպանված դիակը հետ չեն վերադարձնելու»:
«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ Ժաննա Ալեքսանյանը նշեց, որ նույն խնդրով տարիներ առաջ էլ հանդիպել են Պաշտպանության նախարարին և հարցը բարձրացրել.
«Ամեն ինչ կոծկում են՝ Էլիտար զորամասի մասին բոլորը գիտեն, բայց նախարարը ասում է՝ նման բան չկա»:
«Այսօր պարզվում է, ոչ թե զինվորը պետք է մեզ պաշտպանի, այլ մենք պետք է մեր բալեքին պաշտպանենք, սա խոսում է նրա մասին, որ պետությունը երաշխավոր չի կանգնում»,- նշեց իրավապաշտպան Մարինա Պողոսյանը։
Ակցիայի մասնակիցները որոշեցին նամակ գրել և երկուշաբթի, ժամը 11-ին հավաքվել և ներկայացնել այն Կառավարությանը: