Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Տնտեսություն

Վարկային ներդրումներն ավելացել են 327 միլիարդ դրամով (տեսանյութ)

«Ուրախությամբ կարող ենք նշել, որ թե՛ բանկային համակարգի կապիտալը, և թե՛ շահույթը և շահութաբերությունը նույնպես աճել են, որը խոսում է նաև բանկերի էֆեկտիվության մասին»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Հայաստանի բանկերի միություն» հասարակական կազմակերպության նախագահ, «IDBank»-ի վարչության նախագահ  Մհեր Աբրահամյանը։

Ըստ Աբրահամյանի՝ եթե երեք տարվա կտրվածքով նայենք, ապա յուրաքանչյուր տարի ունենք դրական աճի դինամիկա, որը միևնույն ժամանակ վկայում է նրա մասին, որ բանկերն առավել արդյունավետ են կառավարում այն ռիսկերը, որոնք կանգնած են իրենց առջև։

ՀԲՄ գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանի խոսքերով՝ բանկային կապիտալը 2019 թվականի տարեվերջին կազմել է 844 միլիարդ դրամ, ակտիվները՝ 5,8 տրիլիոն, վարկերը 3 տրիլիոն 572 միլիարդ, պարտավորությունները՝ 4 տրիլիոն 960 միլիարդ։ 

«Ընդհանուր կապիտալը 2019 թվականին ավելացել է 73 միլիարդ դրամով կամ 9,5 տոկոսով։ Սա եթե նայենք 2009 թվականի համեմատ՝ շուրջ երեք անգամ ավելացել է։ Բավականին կապիտալի աճ է գրանցվել էս տարիների ընթացքում։ Ակտիվները նախորդ տարի ավելացել են 842 միլիարդ դրամով կամ 17 տոկոսով»,- նշեց ՀԲՄ գործադիր տնօրենը։

Վարկային ներդրումները, Սարգսյանի փոխանցմամբ, 2019 թվականին ավելացել են 327 միլիարդ դրամով կամ 10,1 տոկոսով, իսկ վարկային պորտֆելի ավելացումը չի նշանակում, որ նշված թվով վարկ է տրամադրվել, այլ՝ շատ ավելին, որովհետև պորտֆելում մարումներ են եղել, նվազել է, բանկերը վարկեր են տրամադրել այդ մարված միջոցների համար և ավել 327 միլիարդ դրամ։

Մհեր Աբրահամյանի կարծիքով՝ ներկայումս ՀՀ վարկային բեռնվածությունը բիզնեսի և քաղաքացիների վրա ազդեցության մասով կառավարելի մակարդակում է։

Մանրամասները՝ տեսանյութում։