Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն Հասարակություն

Ի՞նչ փոփոխություններ են սպասվում ոստիկանական համակարգում (տեսանյութ)

Արդարադատության նախարարության Միջազգային իրավական համագործակցության համակարգող խորհրդական Ամալյա Հովսեփյանը այսօր հրավիրված քննարկմանը ներկացրեց ոստիկանական համակարգում նախատեսվող բարեփոխումները:

Նա նշեց, որ այսօրվա պայմաններոuմ հրատապ է ունենալ նոր ոստիկանություն, նոր ոստիկան՝ որպես նոր ինստիտուտ:

«Հիմնական փոփոխությունը, որը առաջ է քաշված կարմիր գծով, այն է, որ պետք է ունենալ ոստիկան, որը կծառայի մեր հասարակությանը և մեր քաղաքացիներին, և այդ ոստիկանը չի լինի տվյալ օրվա իշխանության կարիքների ծառայող մարդ»:

Մատնանշելով ռազմավարության հիմնական ուղղությունները՝ Հովսեփյանը նշեց.

«Ամենակարևոր համակարգային փոփոխությունը ոստիկանությունում  մարդկային ռեսուրսների հանդեպ փոփոխությունն է, այսինքն՝ ինչպես է մարդկային ռեսուրսների նոր կրթությունը կազմակերպվելու․ սա առանցքային է»:

Հաջորդ փոփոխությունը, Հովսեփյանի տեղեկացմամբ, ոստիկանության՝ որպես ինստիտուցիոնալ համակարգի փոփոխությունն է, այսինքն՝ նրա խոսքով՝ այսօրվա ոստիկանությունը, որը իրականացնում է մաքուր ոստիկանական և  որոշակի ոչ ոստիկանական գործառույթներ, այդքան էլ չի տեղավորվում այն շրջանակի մեջ, որում ինքը գտնվում է.

«Այս առումով մեր առաջարկն է ունենալ նոր նախարարություն, ամբողջ իմաստը քաղաքացիական նոր պետական կառույցի ստեղծումն է»:

Համակարգում սպասվող  հաջորդ ուղղության փոփոխությունը պարեկային ծառայության ստեղծումն է:

Հովսեփյանը տեղեկացրեց, որ ժամանակային առումով փոփոխությունները նախատեսում են իրականցնել երեք տարում, բայց կլինեն փոփոխություններ, որոնք, ավելի կարճաժամկետ ժամանակահատվածում կիրականացվեն, սրանց մեջ մտնում է նաև պարեկային ծառայության ստեղծումը:

Ռազմավարությունը նաև նշում է ուղղություն ոստիկանության զորքերի ապառազմականացման վերաբերյալ, սա նշանակում է խաղաղ պայմաններում զորքերի անմիջական  ենթակայությունը քաղաքացիական կառույցին և համապատասխան իրավական ակտերի ապառազմականացում, ինչի արդյունքում ոլորտը կլինի ավելի թափանցիկ»,-նշեց նախարարության ներկայացուցիչը:

Փոխվելու է նաև համայնքային ոստիկանությունը, բացի այդ՝ ստեղծվելու է նաև օպերատիվ կառավարման կենտրոն, որը լինելու է ոստիկանության կազմում:

Ինչ վերաբերում է համակարգում  հնարավոր կրճատումներին, Հովսեփյանն ասաց՝ չի դրվելու կրճատման սկզբունքը, այլ լինելու է մրցութային ընտրություն.

«Այն պահանջները, որոնք դրվելու են նոր ոստիկանների համար, լինելու են օբյեկտիվորեն հավասար բոլորի համար, և առաջին փուլը, երբ մենք սկսելու ենք նոր ոստիկաններ վերցնել համակարգ, դա պարեկային ծառայությունն է, չափանիշները լինելու են բարձր և հավասար բոլորի համար, այն մարդիկ, ովքեր կհամապատասխանեն չափանիշներին, կմտնեն համակարգ, ովքեր չեն համապատասխանի, դուրս կմնան համակարգից»:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը նշեց, որ այս նախագիծը իր մեջ ներառում է այն բոլոր մտահոգությունները, որոնք առկա էին ոլորտի վերաբերյալ.

«Այսօր ոստիկանությունը չունի այն լիազորությունները, որոնք անհրաժեշտ են իր առջև դրված խնդիրները պատշաճ լուծելու համար, և սա բերում էր ոստիկանության և այլ իրավապահ համակարգերի գերծանրաբեռնվածության»:

Ըստ Խաչատրյանի ՝ սահմանազատված չէին նաև ոստիկանության լիազորությունները:

Խաչատրյանը կարևորում է, որ ոստիկանությանը վերադարձվելու է նախաքննություն իրականցնելու իրավունքը.

«Այստեղ պատասխանատուն կլինի մեկ մարմին և իր ուսերին կլինի ամբողջ բեռը»,-նշեց նա:

«Լուսավոր Հայաստան» խմաբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը փոփոխությունը դրական գնահատեց՝ միաժամանակ ներակայացնելով իրենց նկատառումները.

«Դեռևս անցյալ տարի մենք առաջարկում էինք Կառավարության կառուցվածքում ստեղծել ներքին գործերի նախարարություն, որը կընդգրկեր իր մեջ ոստիկանությունը, անցավ մեկ տարի, Կառավարությունը հանգեց այն մտքին, որ պետք էր ունենալ ներքին գործերի նախարարություն»:

Սիմոնյանը նախատեսվող բարեփոխումները համարեց ուշացած, բայց կարևոր: 

Միևնույնն ժամանակ ընդգծեց, որ միայն ոստիկանության փոփոխություններով չպետք է սահմանափակվել, պետք է փոխել դատարիավական համակարգն առհասարակ. 

«Եթե մենք ունենանք լավ ոստիկանություն, բայց վատ դատարաններ, դա խնդիր է առաջացնում, հակառակ պարագան նույնպես խնդիր է»: