Արտակ Գրիգորյանը կդիմի ՀՖՖ-ին
Աջակցիր «Ա1+»-ինԵրեւանի «Ուլիս» ֆուտբոլային ակումբը հերքեց Երեւանի «Արարատի» ներկայացրած մեղադրանքները` կապված վերջինիս ֆուտբոլիստ Արտակ Գրիգորյանին «փախցնելու» հետ:
«Արտակ Գրիգորյանը անցած տարվա դեկտեմբերից, իրոք, մարզվում է մեր թիմում: - «Ա1+»-ի մարզական թղթակցի հետ հեռախոսազրույցի ժամանակ ասաց «Ուլիսի» գործադիր տնօրեն Գագիկ Գալստյանը, - Սակայն նա դեռեւս չի հանդիսանում մեր խաղացողը: Ինչ վերաբերում է «Արարատի» այն հայտարարությանը, որ մենք ցանկանում են թիմի ֆուտբոլիստին փախցնել, ապա նման բան չկա: «Արարատի» հետ խնդիրներ ունի ֆուտբոլիստը, այլ ոչ թե` «Ուլիսը»:
Արտակ Գրիգորյանը ցանկանում է չեղյալ համարել «Արարատի» հետ ունեցած պայմանագիրը, քանի որ ըստ նրա, այն կնքելիս օրենքի խախտում է թույլ տրվել: Նա պատրաստվում է դիմել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի համապատասխան կոմիտեին եւ ստանալ ազատ ֆուտբոլիստի կարգավիճակ: Եթե ՀՖՖ-ի համապատասխան կոմիտեն Արտակ Գրիգորյանի կնքած պայմանագիրը իրավական ճանաչի, ապա մենք նոր կսկսենք բանակցություն վարել «Արարատի» ղեկավարության հետ: Նշեմ, որ Արտակ Գրիգորյանն անձամբ է դիմել մեզ` թիմում մարզվելու համար, քանի որ «Արարատը» նման հնարավորություն չի տվել (արարատցիները մարզումները սկսել են միայն այս տարվա փետրվարի 1-ից), իսկ ինքը Հայաստանի հավաքականի թեկնածու է, ուստի ցանկանում է ձեռք բերել լավ մարզավիճակ, որպեսզի նորից հրավիրվի ազգային թիմ»: