Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն Հասարակություն

Փաստաբանը սահմանադրական հանրաքվեն ռեսուրսների վատնում է համարում (տեսանյութ)

«ՀՀ Սահմանադրության 213-րդ հոդվածի համար սահմանադրական հանրաքվեի գնալը  ինձ համար՝ որպես ՀՀ քաղաքացու, անընդունելի է»,-«Ա1+»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց փաստաբան Արայիկ Պապիկյանը։

«Ես կասկած չունեմ, որ Սահմանադրական դատարան, որպես այդպիսին չենք ունեցել․ չենք ունեցել Սահմանադրկան դատարան, որը ՀՀ-ում իրականացրել է արդարադատություն։ Դա գաղտնիք չէ, բոլոր այն անձինք, ովքեր այսօր վկայակոչում են այս գործընթացի հակասահմանադրական լինելը, նրանց մեծ մասը նախկինում նշել են, որ ՀՀ-ում սահմանադրական արդարադատություն չկա, բայց այն գործընթացը , որն այսօր իրականացվում է մեր երկրում հանրաքվեի միջոցով, ինձ համար ընդունելի չէ»։

Պապիկյանը պնդում է, որ նոր իրավիճակում մեզ անհրաժեշտ է նոր Սահմանադրություն․

«Հիմա, երբ մենք գնում ենք Սահմանադրության մեկ կետի փոփոխության, ակամայից լեգիտիմացնում ենք մնացած հոդվածները»։

Փաստաբանի համոզմամբ՝ նոր սահմանադրական փոփոխությունները մեր պետությունը պիտի գոնե կատարեր 2018 թվականի ամռանը․

«Մենք գրեթե երկու տարի կորցրել ենք, հիմա մեկ հոդվածի փոփոխության հետևից գնալը ժամանակի մարդկային, նյութական ռեսուրսների վատնում է»։

Ըստ Պապիկյանի՝ անթույլատրելի է այս մոտեցումը։

«Ենթադրենք՝ ապրիլի 6-ն է, հանրաքվեի արդյունքները դրական են եղել նախաձեռնողի համար,  Հրայր Թովմասյանը և մյուս վեց դատարվորները այլևս չեն պաշտոնավարում, ՀՀ-ում ի՞նչ էական ճակատագրական փոփոխություններ են սպասվում։ Ընդամենը պիտի համալրենք և շարունակենք ապրել»,-նշում է փաստաբանն ու հավելում․

«Մի դեպքում, երբ մենք հայտարարում ենք, որ այդ մարդիկ ապօրինի են զբաղեցնում այդ աթոռները և հանցավոր ռեժիմի սպասավորներն են եղել, նրանցից ազատվելու միակ ճանապարհը նրանց պատասխանատվության ենթարկելու հարցն է։ Մի մարդ, ով առնվազն հանցանքներ է գործել, նրանից ազատվելու համար պետությունը վճարումներ է առաջարկում կամ ռեսուրս է ծախսում և չի կարողանում մեղադրանքը ամբողջացնել պատշաճ դատաիրավական  ընթացակարգերով»,- սա փաստաբանը համարում է անընդունելի և կարծում է, որ այստեղ խնդիրը թաքնված է հենց իրավապահ համակագի հետևում։