Ֆուտբոլիստ են ուզում փախցնե՞լ
Աջակցիր «Ա1+»-ինՀանրապետության ամենահայտնի ֆուտբոլային ակումբի` Երեւանի «Արարատի» փոխնախագահ Արկադի Անդրեասյանը պարզապես զարմացած է, որ հանրապետության որոշ լրատվամիջոցները տեղեկատվություններ են տարածում թիմի մասին, սակայն դրանցից ոչ մեկը որեւէ հարցով չի դիմել ակումբի մամուլի կենտրոնին կամ անձամբ իրեն:
«Մենք անընդհատ «Արարատի» մասին լուրեր ենք իմանում լրատվամիջոցներից, որոնց մասին ինքներս դեռ տեղյակ չենք: Զարմանալի է, բայց` փաստ»,- ասաց նա:
Արկադի Անդրեասյանն ասաց, որ թիմը փետրվարի 1-ից սկսել է մարզումները, նշանակվել է նոր գլխավոր մարզիչ (Տիգրան Եսայան), աշխատանքներ են տարվում ֆուտբոլի մանկապատանեկան դպրոց ստեղծելու ուղղությամբ: Սակայն ակումբի առջեւ կրկին լուրջ խնդիր է ծագել:
«Մենք մեր ֆուտբոլիստներին հնարավորություն ենք տվել ազատ ընտրություն կատարել` մնալ թիմում կամ, եթե ցանկանում են, վարձավճարով հանդես գան բարձրագույն խմբի թիմերից մեկում: Ովքեր կարողացան, տեղափոխվեցին այլ ակումբներ: Միակ խնդիրը կապված է մեր ֆուտբոլիստ Արտակ Գրիգորյանի հետ: Նրանով այժմ հետաքրքրվում է «Ուլիսը»: Վերջինիս մենեջեր Սլավա Սարգսյանն մեզ ասաց, որ ակումբի նախագահ Ալեքսանդր Հարությունյանի հետ խոսելուց հետո կտա վերջնական պատասխանը: Բայց որոշ ժամանակ անց սկսվեցին խոսակցություններ, որ իբր Արտակ Գրիգորյանի պայմանագրի ժամկետն ավարտվել է եւ նա ազատ կարգավիճակ ունի,- ասաց նա,- Իրականում նա «Արարատի» հետ պայմանագիր ունի մինչեւ 2012 թվականը: Հերթական անգամ ոմանք ցանկանում են առանց փոխհատուցման ձեռք բերել մեր ֆուտբոլիստին: Մենք պայմանավորվել ենք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ, որ ակումբներից ոչ մեկը մյուսից ֆուտբոլիստ չպետք է փախցնի: Հույս ունենք, որ այս հարցը ճիշտ լուծում կստանա: Հաճախ մենք մեզ հարց ենք տալիս, ինչու ֆուտբոլը չի զարգանում մեր հանրապետությունում: Կարծում եմ, հենց նման մանրուքների պատճառով»:
Արկադի Անդրեասյանը նաեւ ասաց, որ ակումբն այս տարի մեծ ուշադրություն է դարձնելու երիտասարդ ֆուտբոլիստների պատրաստման գործընթացին. «Մենք մեր պատանեկան թիմից 1993 թ ծնված 2-3 ֆուտբոլիստների ընդգրկել ենք հիմնական կազմում: Ճիշտ է, թիմում կլինեն նաեւ փորձառու խաղացողներ, բայց կաշխատենք ավելի շատ երիտասարդ ֆուտբոլիստներ ընդգրկել առաջնության խաղերին»:
Հիշեցնենք, որ «Արարատն» անցած տարի անհաջող հանդես եկավ ՀՀ առաջնության բարձրագույն խմբում եւ զբաղեցնելով վերջին` 8-րդ տեղը, տեղափոխվեց 1-ին խումբ: