Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

4 մարզիկ, 6 մարզիչ, 2 լրագրող

Սպորտ

Այսօր ՀՀ սպորտի եւ երիտասարդության նախարարության նիստերի դահլիճում Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն ներկայացրեց 2010 թ ձմեռային օլիմպիական խաղերի մայրաքաղաք Վանկուվեր մեկնող Հայաստանի պատվիրակության կազմը:

Մեր մարզական պատվիրակության գլխավոր հանձնակատարն է ՀԱՕԿ-ի փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը: Վանկուվերում Հայաստանը կներկայացնեն 4 մարզիկներ (գյումրեցի Քրիստինե Խաչատրյանը, ծաղկաձորցի Արսեն Ներսիսյանը, աշոցքցի Սերգեյ Միքայելյանը, ամերիկահայ Անի-Մաթիլդա Սերեբրակյանը), 6 մարզիչն եւ 2 լրագրող:

Դերենիկ Գաբրիելյանը տեղեկացրեց, որ ՀԱՕԿ-ը 100 տոկոսով կատարել է խաղերի մասնակցության հետ կապված բոլոր իր պարտականությունները եւ լուծել բոլոր կազմակերպչական հարցերը:

Այնուհետեւ, մեր օլիմպիականներին բարեմաղթանքի խոսքեր ասաց ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը: Նա խոստովանեց, որ մեդալներ չի սպասում մեր մարզիկներից, բայց միաժամանակ հույս հայտնեց, որ նրանք կբարելավեն իրենց արդյունքները եւ համեմատաբար բարձր տեղեր կզբաղեցնեն գոնե առաջին տասնյակում:

Վերջում Գագիկ Ծառուկյանը մեր պատվիրակության բոլոր անդամներին հանձնեց Միջազգային օլիմպիական կոմիտեի կողմից հաստատված հավատարմագրերը:

Նշենք, որ Հայաստանի հավաքականը խաղերին կմասնակցի «Ասիքս» ընկերության մարզահագուստով: Մեր մարզիկները Վանկուվեր կմեկնեն փետրվարի 5-ին: Հաջորդ օրը օլիմպիական ավանում տեղի կունենա Հայաստանի դրոշի բարձրացման հանդիսավոր արարողությունը: Հավելենք, որ փետրվարի 12-ին կայանալիք խաղերի բացման արարողության ժամանակ Հայաստանի դրոշակակակիրը կլինի լեռնադահուկորդ Արսեն Ներսիսյանը: