Բացել լրահոսը Փակել լրահոսը
BeFunky-collage
A A
Հասարակություն

Ի՞նչ են պատմում Սումգայիթի ջարդերից փրկված հայերը (տեսանյութ)

1988 թվականի Փետրվարի 27-29-ը Ադբեջանի Սումգայիթ քաղաքում տեղի ունեցան հայ ազգաբնակչության ջարդեր, տեղահանություններ։

«Ա1+»-ը զրուցել է ջարդերից փրկված Ռոզա Հարությունյանի, Քնարիկ Հարությունյանի, Ժանետա Ներսիսյանի հետ։

Ռոզա Հարությունյանը մեզ հետ զրույցում ասաց, որ տեղահանությունների 3-րդ օրը մտել է խանութ կարագ գնելու։ «Գնացել եմ էդտեղ, թուրքի կնանիք հարցրել են,-Էդ ո՞նց ես մտել էստեղ, դու գիտե՞ս, որ ստեղ ոստիկանով, բանով ջարդ ա։ Տեսել եմ ոստիկանական մեքենաներ, այդտեղ կոտորում են»։

Հարությունյանն նշեց, որ հետագայում, երբ տրամվայի մեջ նստած է եղել հեռանալու համար, այդ ընթացքում կայարանում 16-ամյա տղայի ձայն է լսել։

«Նստել եմ տրամվայը, մի հայի էրեխու էդտեղ սպանեցին։ Էն սասը հլը ականջումս ա»,- ասաց նա։ Հարությունյանն ասաց, որ միայն ձայն է լսել, չի տեսել։ Մեր զրուցակիցը շարունակում է ասելով, որ ոստիկանները հավաքվեցին, սակայն որևէ օգնություն ցույց չտվեցին, երեխան մնաց այդտեղ, հետո մի վարորդ վերցրեց երեխային տարավ անհայտ ուղղությամբ։

Հարությունյանը նաև ասաց, որ իրենց տան վրա նույնպես հարձակում պետք է լիներ, սակայն մարդիկ են եղել, որ թույլ չեն տվել։ «Մի թուրքի կնիկ, իմ հարևանն է եղել, էրկու կիլո ալյուր ա տվել, ասել ա,-հա՛ց թխի, դուրս չգաս, կոտորում են ժողովրդին»,- նշեց նա։

Քնարիկ Հարությունյանը հիշում է, որ փետրվարի 27-ին հոր ծնունդն էր, և հոր տանը քեֆ էին անում։ «Մեր ծյոծ Ռային զանգեց, մեր ծանոթը,- թե բա պատուհանովը չնայեք, լույսը անջատեցեք, դռները փակեցեք, Սումգայիթում ինչ-որ բան է կատարվում»,- նշեց Հարությունյանը՝ հավելելով, որ իրենց զանգած կնոջ որդին ոստիկանության աշխատակից է եղել և այդտեղից է իմացած եղել։

Նա նշեց, որ հարևան հայերին ասել է տանից դուրս չգալ, Սումգայիթ չգնալ, իսկ հետո գիշերը 3։30-4-ի կողմերը դուռը ծեծել են մայրը, հայրը, եղբայրը և մտել տուն՝ գիշերային հագուստով, կիսահագնված։ «Ա1+»-ի զրուցակցի խոսքերով՝ հարազատներն ասացին, որ ադրբեջանցիները այրել են իրենց բնակարանը։

Հետագայում Քնարիկ Հարությունյանի ընտանիքը թաքնվում է նկուղում, նկուղից դուրս գալուց հետո գնում է քաղաքային կոմիտե և հեռանում Ադրբեջանից։

Սումգայիթի ջարդերից փրկված Ժանետա Ներսիսյանն ասաց, որ իր մորաքրոջ տեգրը մի դեպք է իրեն պատմել։ «Մի դեպք է եղել, որ մի կին ամուսնացած է եղել քանի տարի երեխա չի ունեցել ու նոր հղիացել է։ Վեց ամսեկան հղիի փորը կտրել են»,- Սումգայիթյան ջարդերից մի դրվագի մասին պատմեց Ներսիսյանը։

 

Մանրամասները տեսանյութերում