Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Հասարակություն

Կորոնավիրուսի դեմ՝ չինական հանգստությամբ․ հայացք Չինաստանին՝ վերադարձից հետո (տեսանյութ)

Նոր կորոնավիրուսը ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, թե ինչքան հայաստանցիներ են վերջին տարիներին մեկնել Չինաստան աշխատելու։ Ոչ պաշտոնական տվյալներով՝ նրանց թիվը 600-2000 է։

Նրանցից մեկն էլ քաղաքագետ Արման Սահակյանն է, որ երկու տարուց ավելի անգլերեն է դասավանդել այնտեղ։ Հայաստան վերադարձել է նոր կորոնավիրուսի բռնկումից ամիսներ առաջ, բայց շարունակում է կապի մեջ մնալ այնտեղ գտնվող թե հայ, թե չինացի ընկերների հետ։

Ասում է՝ չինական ուտելիքին այդպես էլ չսովորեց։ Իր պատմելով՝ Չինաստանում ապրող հայերը հիմնականում օգտվում են սուպերմարկետներից, ամեն տեղ չեն սնվում։ Անկախ այս համաճարակից՝ միշտ էլ զգուշավոր են եղել։

Ընդհանրապես, միֆ է համարում այն, թե բոլոր չինացիներն ուտում են այն ամենը, ինչը շարժվում է։ Չինացիները նրան զարմացրել են իրենց հանգստությամբ, խնդիրներին նայելու մոտեցմամբ։

«Շտապող չինացի՞․․․ Չէ, չեք տեսնի»,- ասում է նա «Ա1+»-ի հետ զրույցում։ Ըստ նրա՝ այնտեղ գտնվող հայերից շատերի մոտ խուճապ կա, մի մասը քննարկում է Հայաստան վերադառնալու տարբերակը, իսկ ահա չինացիների խոսքում չես կարողանում զգալ տագնապ, խուճապ։

Արման Սահակյանը վստահ է, որ Չինաստանին կհաջողվի հաղթահարել նոր կորոնավիրուսի վարակը, որն ազդում է երկրի տնտեսության վրա։ Երկիրն այս խնդիրը կհաղթահարի համակարգային մոտեցմամբ,- վստահ է Արման Սահակյանը՝ ընդգծելով՝ Չինաստանն ունի գերթվայնացված տնտեսություն։

Ինչ վերաբերում է Չինաստան- ԱՄՆ հարաբերություններին՝ քաղաքագետը նշում է․ « ԱՄՆ-ը երբեք չի ունեցել իր տարածքին ու տնտեսությանը հավասար մրցակից, առնվազն իրեն սահմանակից որպես երկիր, այսինքն՝ նման մրցակցության փորձ չունի, իսկ Չինաստանն էլ երբեք չի եղել մրցակցությունից դուրս, ունեցել է ուժեղ հարևաններ, իսկ հիմա երկու երկրները հանգում են աշխարհաքաղաքականության ոլորտում միմյանց դեմ մրցակցելու փուլին»։

Մանրամասները՝ տեսանյութում