Քննարկվել են համագործակցության ուղղությունները
Աջակցիր «Ա1+»-ինԱռողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է Հորդանանի Հաշիմյան Թագավորության արդյունաբերության, առևտրի և մատակարարման նախարար Տարիք Համուրիի և նրանց գործընկեր` «NatHealth» ազգային առողջապահական ապահովագրության կառավարման ներկայացուցիչների հետ, հայտնում են Առողջապահության նախարարությունից։
Կողմերը քննարկել են համագործակցության ուղղությունները` բժշկական տուրիզմ, առողջապահության ապահովագրություն և այլն:
Տարիք Համուրին ներկայացրել է առողջության ապահովագրության նորարարական գործիքների կիրառումը Հորդանանում, որոնք շահեկան են եղել երկրի համար:
Ապահովագրության կառավարման ներկայացուցիչները տեղեկացրել են, որ NatHealth-ն առաջնորդվում է համացանցի վրա հիմնված е-Claim բժշկական հարթակով: Արդիական այս համակարգը գործում է «խելացի» քարտերով, օգտագործելով կազմակերպության կողմից բժիշկներին ու դեղատներին բաշխված պլանշետները: Արդյունքում` պացիենտին մնում է ընդամենը քարտը հպել պլանշետին և ամբողջ տեղեկատվությունը ինքնաբերաբար վերբեռնվում է:
Վերջիններս ցանկություն են հայտնել Հայաստանում տեղական գործընկեր գտնել փորձի փոխանակման համար:
Արսեն Թորոսյանը նշել է, որ առողջության համապարփակ ապահովագրության փաթեթը Հայաստանում քննարկումների փուլում է և նախատեսվում է ներդնել 2022 թվականին: Նախարարը նաև հավելել է, որ 2017 թվականից իրականացվում է համապետական էլեկտրոնային առողջապահության ծրագիր, որի շրջանակներում մեր բժիշկներին ևս համակարգիչներ են բաժանել` կլինիկական տվյալներ մուտքագրելու նպատակով:
Կողմերը պայմանավորվել են, օգտվելով այցի հնարավորությունից, միմյանց փորձագետների միջև քննարկումներ կազմակերպել` ապահովելով մասնագիտական կարծիքի ու առաջարկների փաթեթի ձևավորումը:
Տարիք Համուրին շնորհակալություն է հայտնել նախարարին ընդունելու համար և նրան հրավիրել է Հորդանան` առողջապահության ապահովագրության համակարգին տեղում ծանոթանալու համար:
Նախարարն ընդունել է հրավերը և հույս հայտնել, որ համագործակցությունը կլինի շարունակական: