Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Օրացույց. 9-ը փոտրվարի. Հայտնաբերվում է Ներքին զորքերի հրամանատար Արծրուն Մարգարյանի դին (տեսանյութ)

1998-ի փետրվարի 9-ին կասեցվելուց երեք տարի անց վերագրանցվում է Հայ Հեղափոխական Դաշնակցությունը: Հրանտ Մարգարյանը դառնում է առաջին դաշնակցականը, որ Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո ազատվում է բանտից: Հրանտ Մարգարյանն ափսոսում է, որ 8 տարի կորցրեց Հայաստանը Տեր-Պետրոսյանի իշխանության ընթացքում:

1998-ի փետրվարի 9-ին կոմկուսն արդեն չի հաշտվում այն մտքի հետ, որ Դաշնակցությունը մտնում է իշխանություն: Հայաստանն, ըստ կոմկուսի, կշեղվի ռուսական կողմնորոշումից: Հանրահավաքի ժողովուրդն արդեն կողմնորոշված է՝ նախագահ պիտի դառնա կոմունիստ Սերգեյ Բադալյանը:

1998-ի փետրվարի 9-ին սկսում է հրատարակվել մի քանի անգամ փակված «Շրջան» շաբաթաթերթը: Ստեփան Դանիելյանը հույս ունի, որ խորհրդարանի ընտրություններից ընդառաջ շաբաթաթերթը կդառնա եռօրյա:

Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո 1998-ի այս օրերին Թուրքիան Հայաստանի սահմանին զորք է կենտրոնացրել : Ըստ «Ջումհուրիեթի» իշխանության են եկել բազեները: Էրզրումում գտնվող ՆԱՏՕ-ի ռազմակայան են տեղափոխվել Ֆ-114 եւ Ֆ-16 մակնիշի ռազմական ինքնաթիռներ: Թուրքերը դա բացատրում են նրանով, որ Հայաստանի սահմանին նկատել են ռուսական ռազմական միավորի կուտակումներ:

1999-ի փետրվարի 9-ին Սեւանի մայրուղու Նոր Հաճընի հատվածում հայտնաբերվում է Ներքին զորքերի հրամանատար Արծրուն Մարգարյանի դիակը հրազենային կրակոցների հետքերով: Անցյալ տարվա հունվարի 21-ին նույնպես կրակոցներ էին կատարվել Արծրուն Մարգարյանի վրա : Այս գործով նույն օրը ձերբակալվում են Մարգարյանի երկու թիկնապահները : Սպանվածի մարմնում հայտնաբերվում է երեք գնդակ:

1999-ի այս օրը հանրապետության տարածքում ծաղկում են ծառերը: Պատճառն աննախադեպ տաք ձմեռն է: Գրանցված տեղումները նորմայի 10 տոկոսն են: Ձմռան հույս այլեւս չկա, թեպետ ջերմաստիճանի անկում կլինի: Եվ գուցե մի քիչ տեղումներ: 2000-ի այս օրը խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորները բողոքում են էներգետիկ հանձնաժողովից, նրանից պետք է վերցնել սակագին որոշելու ֆունկցիան: Թող խորհրդարանը որոշի սակագինը: Կոմունիստները խոստանում են ժողովրդին ոտքի հանել, եթե հանկարծ խորհրդարանը որոշի սեփականաշնորհել բաշխիչ ցանցերը: Ոմանց նույնիսկ կասկածելի է թվում, որ օտարներին հետաքրքրում է մեր էներգետիկ համակարգը:

2001-ի այս օրը Պարույր Հայրիկյանը հայտնում է, որ Նաիրի Հունանյանի եւ իր ընկերների թիկունքում ոչ ոք չի եղել, այլապես մեկ տարվա ընթացքում գործադրված ճնշումների ընթացքում կասեին:

Բաղրամյան 26-ի մոտ հավաքված այս կանանց ճիչերն ուղղված են Պարույր Հայրիկյանին, որը հայտարարում է, որ հոկտեմբերի 27-ի հանցագործների թիկունքում ոչ ոք չկա : Կանայք պահանջում են, որ Հայրիկյանը հրաժարական տա Քոչարյանին առընթեր հանձնաժողովի նախագահի պաշտոնից:

Քաղաքապետարանի հերթական թիրախը Փափազյան փողոցի առեւտրականներն են, նրանց առաջարկում են դատարկել փողոցը: Արաբկիրի թաղապետարանն առեւտրականներին ասում է՝ դուք այստեղ զբաղված եք հակահիգենիկ առեւտրով: Առեւտրականներն ուզում էին որպես բողոքի նշան փակել Կոմիտաս փողոցը: չի ստացվում: Քաղաքապետարանում նրանց մխիթարում են՝ մենք չենք փակում, բարեկարգում ենք:

2001-ի փետրվարի 9-ին «Հայաստան» պատգամավորական խմբին ընդունում է նախագահ Քոչարյանը: Թեման հոկտեմբերի 27-ի դատավարությունն է: Բաղրամյան 26-ից խումբը գնում է Երկրապահ կամավորականների նիստին: Այստեղ ստեղծվել է դատավարությանը հետեւողների լիազոր խումբ Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ:

2002-ի այս օրը մոտ 50 կամավոր մաքրում է Երեւանի փողոցները : Նրանք մաքրում են ու մտածում, որ մաքրությունը երկար չի շարունակվի:

2012-ի փետրվարի 9-ի խորհրդարանի նիստում հանրապետականները օրինագծերի ընդունման համար զանգվածաբար քվեարկում են բացակա ընկերների փոխարեն: