Փտած պատերն ամեն րոպե կարող են փլվել․ Բալահովիտի «Սպիտակ տան» բնակիչներն ահազանգում են (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԿոտայքի մարզի Բալահովիտ գյուղի բնակիչներն ահազանգում են։ Հանրակացարանային փայտե շինությունները կարող են մի օր րոպեների ընթացքում կա՛մ այրվել, կա՛մ փլվել։
Շինությունները տրված են եղել դրանց մոտակա Կապի զորամասում աշխատող զինծառայողներին 10 տարի ժամկետով բնակության համար և կրել են «Սպիտակ տուն» անվանումը։ Հետագայում, սակայն, միայն մի կտորն է մնացել սպիտակ, այն էլ խամրած։
Հանրակացարանի պատերը փայտից են թե՛ դրսից, թե՛ ներսից։ Տարիների ընթացքում պատերը փտել են, և բնակիչները տարբեր կերպ դրանք «կարկատում են»՝ սպասումով, որ պատկան մարմիները կարձագանքեն խնդրին։
Շենքերի հասցեներն են 2-րդ փողոց, Մոդուլ 81 և Մոդուլ 83։
«Ա1+»-ի հետ զրույցում հանրակացարանի բնակիչներից Կարինե Վարդանյանը ցույց տվեց հանրակացարանի անկյուններից մեկը և ասաց․ «Պատն առանձնացել է մեր պատից, ճեղքվել է, անգամ թռչուններն են բույն դրել»։
Համլետ Հախերդյանն ասաց, որ տանիքը կաթում է, պատերը միմյանցից առանձնացել են, նկուղային հարկը խոնավ է, հոսանքալարերը կարող են ամեն պահի հրդեհի սկսելու պատճառ դառնալ, մկներ, առնետներ, միջատներ կան շենքերում։ Հախվերդյանը ցույց տվեց այրված հատվածները, որտեղ հոսանքից էին մնացել․ «Անցած անգամ ստեղ պաժառ ընգավ, լավ էր՝ գիշերով չէր։ Եթե գիշերով լիներ, մեր Նելլիենց հարկը վառվելու էր»։
Բնակիչներից, մասնագիտությամբ իրավաբան, փաստաբան Նելլի Պապյանն ասաց, որ դիմել են թե՛ համայնքապետարանին, թե՛ մարզպետարանին, սակայն որևէ քայլեր չեն ձեռնարկվել։ Ըստ նրա՝ մի դեպքում վերաբնակեցման ծրագիր պետք է մշակվի, ներկայացվի կառավարություն, բնակիչները վերաբնակեցվեն այլ բնակարաններում, շենքերը քանդվեն կամ ինչ-որ կերպ պետությունը տնօրինի դրանք։
«Մյուս եղանակը փոխհատուցումն է, որ գումարային տեսքով փոխհատուցման ստանան բնակիչները, կարողանան ուրիշ տեղ բնակարան գնել, բայց այնքան, որ հնարավոր լինի գնել։ Երրորդ տարբերակ էլ ես չեմ բացառում․ մասնավոր ներդրողի տարբերակը։ Ինքը տարածքը վատ տեղում չի գտնվում։ Քաղաքին մոտ է, քաղաքային տրանսպորտն աշխատում է, մի քիչ հեռու է հասնում, տեղը բավականին գրավիչ է։ Եվ կարծում եմ, որ մասնավոր ներդրողի համար էլ պետք է որ հետաքրքիր լինի»,- նշեց Պապյանը։
Բնակիչներից Լուսինե Մանուչարյանը ցույց տվեց, որ 1-ին հարկի տներից մեկի սենյակում գերան են կանգնեցրել հատակից դեպի առաստաղ, որպեսզի վերևի հարկի ճաքած հատակ-առաստաղը չփլվի։
«Հերոս բալկա եմ դրել անունը»,- նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութերում։