Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կարատեն` «խորթ զավակ»

Սպորտ

Հայաստանի կարատեի ֆեդերացիան ստիպված է հրաժարվել բազմաթիվ միջազգային մրցաշարերին մասնակցելուց, քանի որ լուրջ ֆինանսական խնդիրների առջեւ է հայտնվել:

Հայաստանի կարատեի ֆեդերացիայի նախագահ Գրիգոր Միքայելյանը «Ա1+»-ի մարզական թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ պետբյուջեից մարզաձեւին հատկացվող գումարները կտրուկ կրճատվել են: «2008 թ կարատեին հատկացվել էր 20 մլն դրամ, 2009-ին` 9.5 մլն: Այս տարի այն կազմում է 2 մլն դրամ: Ինքնին հասկանալի է, որ այս գումարով հնարավոր չէ մասնակցել միջազգային բոլոր մրցաշարերին: Մենք սահմանափակել ենք դրանց քանակը: Ճիշտ է, եթե մեզ հաջողվի հովանավորներ գտնել, ապա ավելի շատ մրցաշարերի կմասնակցենք»:

Գրիգոր Միքայելյանը նման ֆինանսական կրճատումը բացատրում է համաշխարհային ֆինանսական ճգնաժամով:

Հայաստանի կարատեի ֆեդերացիան սովորականի նման այս տարի կանցկացնի հանրապետության երկու առաջնություն (մեկը` մարտին, մյուսը` մայիսին): Մեր կարատեիստները ապրիլի 1-4-ը կմասնակցեն ԱՄՆ-ի բաց առաջնությանը, որը մեծ հեղինակություն է վայելում մարզաձեւի ներկայացուցիչների շրջանում: Իսկ հետագա անելիքները կճշտվեն ընթացքում: