Հենրիխ Մխիթարյանի թիմը կորցնում է երկրպագուների վստահությունը
Աջակցիր «Ա1+»-ինՀռոմի «Ռոմայի» հավատարիմ երկրպագուները երեկ «Բոլոնյայից» կրած պարտությունից հետո պարզապես օբստրուկցիայի են ենթարկել իրենց սիրելի թիմի ֆուտբոլիստներին:
Ինչպես տեղեկացնում են իտալական լրատվամիջոցները, հռոմեացի տիֆոզիները դեռևս խաղի ընդմիջմանը, երբ թիմը պարտվելիս է եղել 1:2 հաշվով, սուլոցներով են ճանապարհել ֆուտբոլիստներին հանդերձարան: Երկրորդ խաղակեսի սկզբում «Ռոմայի» սերբ պաշտպան Ալեքսանդր Կոլարովը փորձել է ամոթանք տալ առավել ագրեսիվ տրամադրված երկրպագուներին, սակայն՝ անարդյունք:
«Մենք շատ վատ են հանդես գալիս 2020 թվականին: Մեր համար այժմ բարդ ժամանակաշրջան է սկսվել: Սակայն, թիմում լուրջ ճգնաժամ չկա: Ես ամենատարեցն եմ թիմում և գիտեմ, որ կարող ենք հաղթահարել հոգեբանական այս արգելքը: Այժմ մենք պետք է լռակյաց աշխատենք և ցույց տանք մեր տղամարդկային բնավորությունը», - ասել է 34-ամյա ֆուտբոլիստը:
«Ռոման» 2020 թվականին Իտալիայի առաջնությունում անցկացրած 6 խաղերում վաստակել է ընդամենը 4 միավոր: Նա այդ ցուցանիշով առաջ է միայն մրցաշարի երկու ետնապահներից՝ ՍՊԱԼ-ից ու «Բրեշիայից»: Ինչպես նշում են մասնագետները, եթե «Ռոման» շուտափույթ չհաղթահարի խաղային ճգնաժամը, ապա թիմը դուրս կմնա ոչ միայն չեմպիոնների լիգայի, այլև Եվրոպայի լիգայի գոտուց, չնայած դեռևս 6 միավորով գերազանցում է հենց իրեն հաջորդող «Բոլոնյային»:
Հիշեցնենք, որ «Ռոման» Իտալիայի առաջնության 23-րդ տուրի առաջին խաղում 2:3 հաշվով պարտվել է «Բոլոնյային»: Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը մեկ ամիս ընդմիջումից հետո առաջին անգամ մասնակցել է թիմի խաղին: Նա խփել է «Ռոմայի» երկրորդ գնդակը, սակայն ավելին անել չի հաջողվել, քանի որ թիմը վերջում մնացել է 10 ֆուտբոլիստով (80-րդ րոպեին հեռացվել էր Կրիստանտեն):
Նշենք, որ հաջորդ տուրում «Ռոման» կհյուրընկալվի «Ատալանտային», որը գտնվում է 4-րդ տեղում: Հանդիպումը կկայանան փետրվարի 15-ին, մրցակցի հարկի տակ: