Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Գագիկ Խաչատրյանը կշարունակի կալանքի տակ մնալ (տեսանյութ)

Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի կալանքը երկարացնելու վերաբերյալ դատարանի որոշման դեմ փաստաբանական խմբի բողոքը՝ Առաջին ատյանի դատարանի որոշումը թողնելով ուժի մեջ։ Այս մասին այսօր կայացած դռնփակ նիստից հետո հայտնեց Գ․ Խաչատրյանի փաստաբան Երեմ Սարգսյանը։

Փաստաբանի խոսքով՝ որևէ մեկը չի կարող այն հանգամանքը վիճարկել, որ Գ․ Խաչատրյանն ունի բժշկական օգնության կարիք, և չի տրամադրվում այդ օգնությունը։

«Այս առումով հույս ունեմ, որ դատարանը պետք է արձագանքի, որ խախտումներ տեղի են ունենում։ Բոլոր պետական մարմինների մոտ ինչ-որ կախարդական բան է տեղի ունենում, բոլորը միահամուռ ձևով անտեսում են, չեն տեսնում այս ամեն ինչը, չնայած իրենց մոտ բոլոր բժշկական փաստաթղթերը առկա են։ Ավելին ասեմ, բոլոր հնարավոր միջոցներով փորձում են դատարանների մոտ տպավորություն ստեղծել, թե Գագիկ Խաչատրյանը չի ցանկանում բուժվել։ Դիմումներով խնդրում ենք, որ պետք է Գ․ Խաչատրյանին տրամադրեն բժշկական օգնություն։ Մեկ էլ դատարան դիմում է ներկայացվում, իբր թե Խաչատրյանին առաջարկել են դատապարտյալների հիվանդանոց տեղափոխվել ստացիոնար բուժման, և նա հրաժարվել է։ Սակայն սա չի համապատասխանում իրականությանը։ Կառավարության որոշման մեջ հստակ սահմանված է, որ գրավոր կերպով պետք է անձը հրաժարվի բուժօգնությունից, և նման դիմում Խաչատրյանի կողմից չի գրվել, բայց տրամադրվում է փաստաթուղթ, որ անձը հրաժարվել է բժշկական օգնությունից»։

Երեմ Սարգսյանը չցանկացավ նշել, թե ովքեր են այդ գրությունը ներկայացրել, նա միայն նշեց՝ իրավասու մարմիններն են ներկայացրել, և այս ուղղությամբ արդեն աշխատանք է տարվում՝ պարզելու համար, թե ոնց է ստացվել, որ նման գրություն է ներկայացվել։ նա ավելացրեց, որ նախ պետք է պարզել, թե դատապարտյալների հիվանդանոցում ինչ բժշկական օգնություն են ապահովվում, և երկրորդ՝ նրա խոսքով՝ օրենքը ասում է՝ եթե անձը ցանկանում է իր նախընտրած բժշկի մոտ բուժում ստանալ իր միջոցներով, ապա պետք է թույլատրվի։