Մասնակցեցին նաեւ կանայք
Աջակցիր «Ա1+»-ինԵրեկ Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ բռնցքամարտի Հայաստանի առաջնությունը:
Մեդալների համար պայքարը նախ սկսեցին կանայք: Հայաստանի առաջին կին չեմպիոնն այս մարզաձեում (կանանց մրցաշարն առաջին անգամ անցկացվեց) դարձավ Հայկուհի Նահապետյանը (57 կգ քաշային կարգ, Երեւանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ): Հաջորդ երկու քաշերում` 64կգ եւ 75 կգ-ում,համապատասխանաբար ոսկե մեդալներ նվաճեցին դինամոյական Արմինե Սինաբյանը եւ քոլեջի սան Աննա Հովհաննիսյանը:
Տղամարդկանց առաջնությունում հաղթող դարձան Երեւանի եւ հանրապետության մարզերի ներկայացուցիչները.
48 կգ` Հովհաննես Դանիելյան («Դինամո»)
51 կգ` Դերենիկ Գիժլարյան (ԲԿՄԱ)
54 կգ` Կարեն Այլազյան (ՀԲՄ)
57 կգ` Ազատ Հովհաննիսյան (ԵՕՀՊՄՔ)
60 կգ` Արա Պուլուզյան (Էջմիածին)
64 կգ` Վոլոդյա Հայրապետյան (Լոռի)
69 կգ` Արմեն Եփրեմյան («Դինամո»)
75 կգ` Անդրանիկ Հակոբյան (Էջմիածին)
81 կգ` Արթուր Խաչատրյան (Լոռի)
91 կգ` Ցոլակ Անանիկյան (ԲԿՄԱ)
91+ կգ` Հովհաննես Օհանյան (Շիրակ)
Առաջնության լավագույն բռնցքամարտիկ ճանաչվեց էջմիածնեցի Անդրանիկ Հակոբյանը:
Ի դեպ, առաջնությունն անցկացվեց ոչ թե համալիրի մարզադահլիճում, այլ առաջին հարկում գտնվող ճեմասրահում, ինչը որոշ անհարմարություններ էր ստեղծել ինչպես հանդիսակաների (մի մասը ստիպված կանգնած հետեւեցին մրցամարտերը), այնպես էլ մասնակիցների համար: Սակայն այս տարբերակն ուներ իր առավելությունը: Բանն այն է, որ ռինգը շատ մոտ էր գտնվում արհեստականորեն ստեղծված տրիբունաներին, իսկ մոտիկից բռնցքամարտ դիտելը լրիվ այլ տպավորություն է թողնում, քան հեռվից նայելը:
Առաջնությանը ներկա էր Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանը, ով առաջինը պարգեւատրեց հանրապետության չեմպիոնին: Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան իր հերթին անակնկալ էր պատրաստել ՀԱՕԿ-ի նախագահի համար. նրան նվիրեցին կտավ` 2009 թ տարվա մարդ ճանաչվելու համար: