Ավետիք Գրիգորյանը Հայաստանի չեմպիոն
Աջակցիր «Ա1+»-ինԵրեւանցի գրոսմայստեր Ավետիք Գրիգորյանը 2010 թ Հայաստանի տղամարդկանց առաջնության ավարտից մեկ տուր առաջ նվաճեց հանրապետության չեմպիոնի կոչումը: Նախավերջին 8-րդ տուրում նա գեղեցիկ ոճով հաղթեց Դավիթ Քալաշյանին եւ վաստակելով 6,5 միավոր անհասանելի դարձավ իրեն հետապնդող Զավեն Անդրեասյանի եւ Տիգրան Պետրոսյանի համար, որոնք իրենց ակտիվում ունեն 5-ական միավոր եւ ներկայումս բաժանում են 2-3-րդ տեղերը: Նրանցից կես միավորով ետ են մնում Արտաշես Մինասյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը: Հենց նրանք էլ կվիճարկեն մրցանակային մյուս երկու տեղերը:
9-րդ տուրում Զավեն Անդրեասյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը կհանդիպեն իրար հետ, Տիգրան Պետրոսյանը կմրցի Տիգրան Քոթանջյանի, Արտաշես Մինասյանը` Դավիթ Քալաշյանի հետ:
Կանանց առաջնությունում շարունակում են համաքայլ ընթանալ Լիա Մարտիրոսյանն ու Սիրանուշ Անդրիասյանը, որոնք այս տուրում հերթական հաղթանակները տարան եւ այժմ իրենց ակտիվում ունեն 5,5-ական միավոր: Երրորդ տեղը զբաղեցնում է Անահիտ Խառատյանը, որը սկզբունքային պարտիայում հաղթեց իր հիմնական մրցակից Նարինե Գասպարյանին եւ վաստակեց 5 միավոր: Նրանից կես քայլով ետ է մնում մրցաշարի միակ գրոսմայստեր Նաիրա Մովսիսյանը, ով վերջին չորս տուրերում վաստակել է 3,5 միավոր:
Առաջնության վերջին օրը շախմատասերների ուշադրության կենտրոնում կլինի նախեւառաջ Սիրանուշ Անդրիասյան - Անահիտ Խառատյան մրցամարտը: Լիա Մարտիրոսյանը սեւերով կմրցի Աննա Հայրապետյանի հետ, իսկ Նաիրա Մովսիսյանի մրցակիցը կլինի Միարիանա Գասպարյանը: