Սեպտեմբերին կվերադառնա
Աջակցիր «Ա1+»-ինԵրեւանի «Հատիսի» ավագ Բոյանա Վուլիչը, ով այսօր առավոտյան մեկնեց հայրենիք, մտադիր է այս տարվա սեպտեմբերին վերադառնալ Հայաստան եւ շարունակել ելույթները «Հատիսում»:
«Առաջիկա օրերը կանցկացնեմ տանը, իսկ փետրվարի սկզբին կմեկնեմ Բոսնիա եւ Հերցեգովինա, որտեղ մինչեւ մայիսի վերջը հանդես կգամ «Զենիցա» թիմում: Ամռանը կհանգստանամ, իսկ սեպտեմբերին կրկին կվերադառնամ Հայաստան` «Հատիսի» կազմում Եվրոպայի գավաթի խաղարկությանը մասնակցելու համար», - «Հ1 - ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գավաթի խաղարկության առաջին խաղից հետո հայտարարեց սերբ բասկետբոլուհին:
Նա իր այդ որոշումն բացատրում է այսպես. «Ես չնայած հրավերներ ունեմ ռուսական, հունական, թուրքական մի շարք ակումբներից, սակայն ցանկանում եմ ելույթներս շարունակել Հայաստանում, քանի որ այստեղ ինձ շատ ջերմ եւ լավ ընդունեցին: Հայ ժողովուրդը շատ հյուրասեր եւ ընկերասեր է, ինչը հնարավոր չէ երբեք մոռանալ: Իսկ իմ համար անչափ կարեւոր է, թե ինչ միջավայրում եւ մթնոլորտում եմ խաղում»:
Վուլիչը նաեւ խոստովանեց, որ իրեն շատ է դուր եկել Ծաղկաձորը.«Այնտեղ շատ ցուրտ էր, բայց բնությունը պարզապես չքնաղ էր: Նման գեղեցիկ բնություն առայժմ ոչ մի երկրում չէի հանդիպել»:
«Հատիսի» ավագը անցած չորս ամիսներին հասցրել է սովորել նաեւ հայկական մի քանի բառեր եւ նախադասություներ: Ամենասիրած արտահայտությունը «ինչ կա չկա»-ն է: Վուլիչի կարծիքով, հայկական եւ բալկանյան խոհանոցները իրար նման են, ուստի այդ հարցում խնդիրներ չի ունեցել Հայաստանում:
Սերբ բասկետբոլուհու սիրած զբաղմունքն ազատ ժամերին շոփինգն է: «Ես, ինչպես բոլոր կանայք, սիրում եմ լինել խանութներում եւ գնումներ կատարել: Արդեն նվերներ գնել եմ իմ հարազատների համար, բայց բոլորի համար առաջին հերթին ձեռք եմ բերել Հայաստանի դրոշը»: