Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ռոբերտ Քոչարյան1
A A
Հասարակություն

Քոչարյանի պաշտպանները միջնորդություն ներկայացրին

Երեւանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում ընթանում է Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը։

Նիստի ժամանակ Քոչարյանի պաշտպաններ Արման Օրբելյանը և Հովհաննես Խուդոյանը միջնորդություն ներկայացրեցին՝ դադարեցնել քրեական հետապնդումը իրենց պաշտպանյալի նկատմամբ, նշելով, որ այս գործընթացը ոչ թե իրավական, այլ քաղաքական հետապնդում է:

Նրանք նշեցին, որ օրենսդիրի առանձին ներկայացուցիչների կողմից խախտվել է անմեղության կանխավարկածը:

«Ուզում եմ ուշադրություն դարձնել, որ չնայած խախտվել է անմեղության կանխավարկածը, բայց Սասուն Խաչատրյանը (ՀՔԾ պետ) շարունակում է պաշտոնավարել, ուզում եմ ուշադրություն դարձնել ու անմեղության կանխավարկածի խախտումը դատարանի կողմից հաստատվելուց հետո էլ շարունակել է հայտարարություններ անել»,- նշեց Արման Օրբելյանը:

Նա նշեց, որ 2009 թվականի քրեական նորմը իր ձևով և բովանդակությամբ էապես տարբերվում է 2008 թվականի փետրվար -մարտ ամիսներին գործած քրեական օրենսգրքի 300 հոդվածի նշված կարգավորումներից, նշված փաստը չի հանդիսանում նորմ:

«Մենք կարող ենք պնդել, որ իշխանության յուրացման ձևերից մեկը՝ սահմանադրական կարգը տապալելու միջոցով իշխանության յուրացումը, որպես առանձին հանցավոր արարք, ապաքրեականացվել է 2009 թվականին, ինչն էլ բխում է հետագա զարգացումներից: Քրեական օրենսգրքում արված փոփոխություններով քրեական օրենսգրքի 300 և 300.1 հոդվածներով նախատեսված են տարբեր հանցակազմեր»:

Հովհաննես Խուդոյանը՝ շարունակելով Ա. Օրբելյանի միջնորդությունը, նշեց. «Եթե իրոք 2008 և 2009 թվականին դատախազները թույլ են տվել այնպիսի սխալ, որով առանձնապես ծանր հանցագործության մեղադրանքից հրաժարվել են, առնվազն պետք է ենթարկվեին պատասխանատվության: Բայց կարծես թե մինչև այսօր որևէ դատախազի հետևից ոչ մեկ չի գնացել, պարզելու՝ ինչո՞ւ են սխալ մեկնաբանել գործը: Դա վկայում է, որ դատախազության այն պնդումները, որ սա թերացում է կամ գործող օրենքը համապատասխանում է նախկին օրենքին, ազնիվ չէ: Իսկ եթե ազնիվ է, պետք է հասկանալ ինչ պատճառաբանությամբ են տեղի ունեցել այս գործողությունները, ովքեր են մեղավոր, արդյոք այդ անձինք իրավունք ունե՞ն զբաղեցնել այդքան կարևոր պաշտոններ»:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ընթացող Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց աշխատանքային ժամի ավարտի պատճառով: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա փետրվարի 11-ին ժամը 13:00-ին:

Նիստի ընթացքում Ռ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը և Հովհաննես Խուդոյանը հանդես եկան միջնորդությամբ նշելով, որ Ռ. Քոչարյանի նկատմամբ ցուցաբերվել է տարբերակված և խտրական վերաբերմունք: Նրանց պնդմամբ իրականացվում է քրեական հետապնդում, որը անօրինական է և կամայական: Արամ Օրբելյանի խոսքով խախտվել է նաև Ռ. Քոչարյանի անձեռնմխելիության իրավունքը:

Նիստի ավարտին Արամ Օրբելյանը խնդրեց դատարանին դադարեցնել Ռ. Քոչարյանի նկատմամբ իրականացված քրեական հետապնդումը և գործը կարճել: