Լիբանանում ցույցերի դադարը կարող է ժամանակավոր բնույթ ունենալ․ Շահան Գանդահարյան
Աջակցիր «Ա1+»-ինԲեյրութի «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանդահարյանը ուղիղ կապով միացավ Armenpress-ի ասուլիսին և ներկայացրեց իրավիճակը։
«Կառավարությունը ձևավորվել է և ինտենսիվ նիստերի մեջ է, արդեն իսկ պատրաստ է աշխատանքային ձեռագիրը։ Հիմնականում հարկային քաղաքականությունն է առանցքային բաժինը ֆինանսատնտեսական ճգնաժամից դուրս գալու համար»,- հայտնեց Շահան Գանդահարյանը։
Ցույցերը և բողոքի ակցիաների ալիքն արդեն մարել է, բայց դրան հանգուցալուծումը դեռ չի երևում։
«Ցույցերի դադարը կարող է ժամանակավոր բնույթ կրել, և մենք հիմնականում պետք է հասկանանք, որ երկիրը ֆինանստատնտեսական պաշարումի մեջ է և արտաքին գործոնները մեծ դերակատարում ունեն խորը ճգնաժամից երկիրը դուրս բերելու առումով»,- նշում է Շահան Գանդահարյանը։
Արաբագետ Արմեն Պետրոսյանը կարծիքով՝ կա մի քանի հիմնական ուղղություն Լիբանանին ճգնաժամից դուրս բերելու համար։
«Այսօր այնպիսի իրավիճակ է, որ Լիբանանը առանց արտաքին լուրջ աջակցության չի կարող հաղթահարել տագնապը, որին հանգել է։ Եթե դիտարկենք այդ ուղղությունները, հստակ կարող ենք նշել, որ Միացյալ նահանգները փաստացի օգտագործում են իրավիճակը վարչապետի դիրքերը թուլացնելու համար»,- նշում է Արմեն Պետրոսյանը։
Նա հիշում է, որ Միացյալ Նահանգները խոստացել էին 162միլիոն դոլար ռազմական աջակցություն, որը «նրանք այդպես էլ չտրամադրեցին և խնդիրը կապեցին վարչապետի հետ »։
Լիբանանյան ներքաղաքական իրավիճակից միանշանակ անմասն չի մնացել հայ համայնքը։
«Բնականաբար հայ համայնքը անմասն բաղկացուցիչ տարր է Լիբանանյան հասարակության, և բոլոր ճգնաժամային հետևանքները, որ տարավ ժողովուրդը, հայ համայնքը ևս մասնակից է։ Չկան հատուկ մարմիններ, բայց Լիբանանի հայ համայնքը Սփյուռքի ամենաինքնակազմակերպվածներից է»,- հայտնում է Շահան Գանդահարյանը։
Հիշեցնենք, որ անցյալ տարվա հոկտեմբերի կեսերից երկրում սկսվել էին բողոքի ակցիաներ և ցույցեր․ ցուցարարները պահանջում էին տնտեսական բարեփոխումներ և և նոր կառավարություն։ Արդյունքում՝ 2019 թվականի դեկտեմբերի 19-ին Լիբանանի խորհրդարանը նոր վարչապետ ընտրեց Հասսան Դիաբին։