Անվճար բասկետբոլ` սառը դահլիճում
Աջակցիր «Ա1+»-ինԲասկետբոլի կանանց «Հ1 - ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գավաթի խաղարկության առաջին խաղում Երեւանի «Հատիսը» այսօր 94:60 հաշվով հաղթեց Լիբանանի ՀՄԸՄ թիմին:
Ցավոք, մրցաշարի կազմակերպիչները ցածր մակարդակով կազմակերպեցին հանդիպումը: Նախ, խաղը նշանակված ժամանակից 30 րոպե ուշ սկսվեց, քանի որ հյուրերը ուշացած ներկայացան մրցավայր: Երկրորդ, մարզադահլիճը չէր ջեռուցվել, ուստի երկրպագուները (նրանց թիվը շատ չէր, չնայած մուտքն ազատ էր) ստիպված էին սառը պայմաններում, վերարկուներով հետեւել հանդիպմանը: Ավելին, մեր բասկետբոլիստուհիները ստեպ-ստեպ փորձում էին բերանով տաքացնել սառած մատները: Բացի այդ, չգիտես ինչու, խաղից առաջ երկու անգամ հնչեցվեց Հայաստանի օրհներգը (միգուցե հանդիսականներին լրացուցիչ ոտքի հանելու եւ ինչ-որ չափով տաքացնելու համար):
Էլ չենք խոսում խաղի մարզական կողմի մասին: Հաշվի տարբերությունն ավելի մեծ կլիներ, եթե մեր բասկետբոլիստուհիները առաջին խաղակեսից հետո (այն ավատվեց 60:26) շարունակեին նույն տեմպով խաղալ: Սակայն նրանք թուլացրին ճնշումը եւ հյուրերին թույլ տվեցին միավորներ վաստակել: Միակ հետաքրքիր բանն այն էր, որ խաղը վարեց Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը:
Խաղից հետո «Ա1+»-ի թղթակցի այն հարցին, թե արդյոք որեւէ բան տվեց հանդիպումը մեր բասկետբոլիստուհիներին, «Հատիսի» գլխավոր մարզիչ Գիա Ղազանչյանն ասաց. «Ինքնին շատ բան չտվեց: Կարելի է ասել, որ սա ակտիվ մարզում էր»:
Նշենք, որ նա տեղյակ չէր, թե ինչու չէին ժամանել Սիրիայի եւ Լիբանանի հավաքականները: Իսկ ինչ վերաբերում է Վրաստանի ազգային թիմին, որը վերջին պահին է հրաժարվել մասնակցությունից, ապա ըստ Ղազանչյանի, վերջինս կադրային խնդիրներ է ունեցել Երեւան մեկնելուց առաջ (բասկետբոլիստուհիների մի մասը հիվանդացել են, իսկ ոմանք վնասվածք ստացել):