«Ի՞նչ անի ցմահը, Մարսը բնակեցնի՞, թե՞ լուսինը մոտեցնի Երկրին, որ համարվի դրական վարքագիծ» (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՑմահ դատապարտյալ Աշոտ Մանուկյանի՝ նախորդ շաբաթ վաղաժամկետ արձակման հիմքերից մեկը տուժողի իրավահաջորդների ներումն է եղել։
«Հիմա եթե մարդը չունի իրավահաջորդի ներում կոչվող կախարդական փայտիկը, ուրեմն դատապարտվա՞ծ է, կամ ի՞նչ հոգևոր վիճակի պիտի հասած լինի տուժողի իրավահաջորդը, որ կարողանա ներել դատապարտյալին, պետությունը ակնհայտորեն լվացել է իր ձեռքերը»,-«Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկմանն ասում է «Քո պաշտպանը» իրավաբանական ընկերության ղեկավար Զարուհի Մեջլումյանը՝ ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի կինը։
Նրա խոսքով՝ իրավահաջորդների ներումը, իհարկե կարևոր է, սակայն այն չպետք է լինի դոմինանտ․ «Մենք գլորվել ենք նախնադարյան համայնավարական կարգեր, որտեղ դեռևս դիվան բաշուն էլ չենք հասել, եթե ազատ արձակման համար միայն իրավահաջորդների ներումն է կարևոր, և բացի դրանից ուրիշ ոչ մի հստակ չափանիշ գոյություն չունի»։
Մինչ օրս Հայաստանում պայմանական ազատ արձակված 2 ցմահ դատապարտյալների դեպքում էլ առկա է եղել իրավահաջորդների ներումը, մյուս դատապարտյալների դիմումները մերժվել են։
Այստեղ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյան տեսնում է հնարավոր կոռուպցիոն ռիսկ․ «Եթե, ինչպես փորձը ցույց է տալիս, պատժի դադարեցման ամենակարևոր հիմքը իրավահաջորդների ներումն է, ապա շատ հնարավոր է, որ դատապարտյալի հարազատները կաշառեն տուժած կողմին՝ այդ կերպ ստանալով ներում»,- ասում է նա ։
Ազատ արձակված ցմահ դատապարտյալ Աշոտ Մանուկյանի պաշտպան Նարեկ Ալոյանը, որպես իր պաշտպանյալի ազատ արձակման կարևորագույն հիմք, տեսնում է նրա դրսևորած դրական վարքագիծը։ Արդեն նախկին ցմահ դատապարտյալը վերջին անգամ կարգապահական տույժ ստացել է 2014 թվականին՝ հեռախոս ունենալու պատճառով։ Պաշտպանը նաեւ հիշեցնում է՝ Աշոտ Մանուկյանը ստացել է բարձրագույն կրթություն և ունի հրատարակված երկու գիրք՝ մեկը իր զղջման մասին։
Զարուհի Մեջլումյանը հակադարձում է․ «Եթե դրական վարքագիծը սահմանվում է այդ կերպ, ուրեմն առաջինը պիտի ազատ արձակվեր ցմահ դատապարտյալ Արսեն Արծրունին, ով բազմաթիվ գրքերի հեղինակ է ու հոգեբանության մագիստրոս։ Սահմանները շատ լղոզված են։ Էլ ի՞նչ անի մարդ, Մարսը բնակեցնի՞, թե՞ լուսինը մոտեցնի Երկրին, որ համարվի դրական վարքագիծ»։
Ազատ արձակման համար կարևոր նախապայման է նաեւ զղջումը, ինչը ևս խիստ վիճարկելի է համարում Ավետիք Իշխանյանը, քանի որ կան դատապարտյալներ, որոնք այդպես էլ չեն ընդունում առաջադրված մեղադրանքը, մինչեւ վերջ էլ վստահեցնում են, որ հանցագործությունը իրենք չեն արել։ Այս դեպքում, ըստ նրա, ստացվում է՝ դատապարտյալներն իրենց խղճի դեմ պետք է գործարքի գնան, որ ներում ստանան։
Բանախոսները ողջունում են Աշոտ Մանուկյանի ազատ արձակման որոշումը, սակայն նրանցից երկուսը՝ Զարուհի Մեջլումյանը և Ավետիք Իշխանյանը, չեն համարում, որ այն կարող է որպես նախադեպ կիրառվել՝ հաշվի առնելով որոշ սուբյեկտիվ հիմքեր։