«Փյունիկը» հրաժարվեց աֆրիկացիներից
Աջակցիր «Ա1+»-ին«Ա1+»-ի մարզական թղթակցին Երեւանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունից տեղեկացրին, որ ԱՊՀ գավաթի խաղերին թիմի կազմում մասնակցած ֆուտբոլիստներից ոչ մեկը չի հրավիրվել Սոչիում անցկացվող ուսումնամարզական հավաքին:
Նախնական տվյալներով` նրանցից երեքի խաղը դուր էր եկել «Փյունիկի» մարզիչներին, եւ նրանք պատրաստվում էին փորձարկել այդ խաղացողներին: Սակայն ակումբի ղեկավարությունը փոխեց մտադրությունը եւ ընդհանրապես հրաժարվեց աֆրիկացիների ծառայություններից:
Ըստ վերջին տվյալների` այդ խաղացողներից մեկը` զամբիացի Սթենլի Նշիբին, այժմ գտնվում է Երեւանում եւ փորձաշրջան է անցնում Դիլիջանի «Իմպուլսում»:
Ինչ վերաբերում է «Փյունիկի» զամբիացի պաշտպան Էմանուել Մբոլային, ով իր երկրի հավաքականի կազմում մասնակցեց Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկությանը, ապա թիմի մարզիչները հանգիստ չեն տրամադրել նրան, ուստի նա պետք է մեկնի Սոչի եւ միանա իր թիմակիցներին:
Ներկայումս «Փյունիկի» կազմում փորձաշրջան են անցնում 5 ֆուտբոլիստներ. երկու սերբ, երկու ամերիկահայ եւ մեկ արգենտինացի: