Առաջատարը ամրապնդեց դիրքերը
Աջակցիր «Ա1+»-ինՏիգրան Պետրոսյանի շախմատի տանը շարունակվում են շախմատի Հայաստանի տղամարդկանց եւ կանանց առաջնությունները: Կայացան 6-րդ տուրի պարտիաները:
Տղամարդկանց մրցաշարի միանձնյա առաջատար Ավետիք Գրիգորյանն ի հաշիվ իր փորձի սպիտակներով հաղթեց միջազգային վարպետ Ռոբերտ Հովհաննիսյանին եւ ամրապնդեց դիրքերը, քանի որ ետեւից ընթացող Տիգրան Լ. Պետրոսյանն ու Արտաշես Մինասյանը նոր կորուստներ կրեցին: Առաջինը չկարողացավ սպիտակներով կոտրել սեւերով խաղացող Արթուր Չիբուխչյանի պաշտպանությունը եւ խաղաղ դաշն կնքեց:
Մրցաշարի ամենատարեց մասնակիցը սպիտակներով հանդիպեց բավական դիտարժան խաղ ցուցադրող Հրանտ Մելքումյանի հետ: Պարտիան, որը տեւեց 5 ժամ 10 րոպե, անցավ հետաքրքիր պայքարում: Վերջնախաղում Հրանտ Մելքումյանը անցումային զինվորի օգնությամբ մրցակցին ստիպեց կանգնեցնել ժամացույցը: Համեմատաբար հեշտ հաղթանակներ տարան Զավեն Անդրիասյանն ու Տիգրան Քոթանջյանը, որոնք երեք ժամվա մեջ առավելության հասան համապատասխանաբար Դավիթ Պետրոսյանի եւ Դավիթ Քալաշյանի նկատմամբ:
Վեց տուրից հետո մրցաշարային աղյուսակը շարունակում է վստահ գլխավորել Ավետիք Գրիգորյանը` 5 միավոր: Տիգրան Լ. Պետրոսյանն ու Զավեն Անդրիասյանը 4 միավորով կիսում են 2-3-րդ տեղերը: Նրանցից կես միավոր քիչ է վաստակել Արտաշես Մինասյանը, ապա հաջորդում են Հրանտ Մելքումյանը եւ Արթուր Չիբուխչյանը` 3-ական միավոր:
7-րդ տուրի կենտրոնական պարտիայում կհանդիպեն Հրանտ Մելքումյանն ու Զավեն Անդրիասյանը:
Կանանց առաջնությունում առաջատարի փոփոխություն կատարվեց: Լիա Մարտիրոսյանը սկզբունքային մրցամարտում հաղթելով Սիրանուշ Անդրիասյանին, շրջանցեց հենց նրան եւ 4,5 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը: Նրանից կես միավորով ետ են մնում հենց Սիրանուշ Անդրիասյանը եւ Նարինե Գասպարյանը, որը սեւերով հաղթեց Անի Խանամիրյանին: Վերջինս իր ակտիվում ունի 3,5 միավոր:
7-րդ տուրում սկզբունքային նշանակություն ունեն Նարինե Գասպարյան - Մարիանա Գասպարյան եւ Սիրանուշ Անդրիասյան - Անի Խանամիրյան մրցամարտերը: