Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում բացվեց Արմենակ Ուրֆանյանի անվամբ լսարան (տեսանյութ)

 Հունվարի 28-ը նշանավորվում է ոչ միայն Հայոց բանակի ծննդյան օրով, այլև ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից Արմենակ Ուրֆանյանի ծնունդով։ Հայկական բանակն այսօր 28 տարեկան դարձավ, իսկ կապիտան Ուրֆանյանը կդառնար 30 տարեկան։ Այդ առթիվ Հայրենիքի պաշտպան վերականգնողական կենտրոնում այսօր բացվեց Ուրֆանյանի անունը կրող լսարանը։

Լսարանի բացմանը ներկա էր վարչապետի տիկին, «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը, Արմենակ Ուրֆանյանի մայրը, քառօրյայում զոհված զինծառայողների հարազատները և այլք։ Լսարանի բացմանը ֆինանսապես աջակցել է «Իմ քայլը» հիմնադրամը, «Հայ օգնության միություն» բարեգործական հասարակական կազմակերպությունը։

«Մենք անցյալ տարի մոտ 400 000 դոլար հատկացրեցինք Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի զարգացման նպատակով։ Այսօր ուրախությամբ կարող ենք ասել, որ որակյալ աշխատանք է կատարվել»,- լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը։

Արմենակ Ուրֆանյանի մայրը՝ Համեստ Ներսիսյանը նախ շնորհավորեց որդու ծննդյան տարեդարձը, Հայոց բանակի օրը, ապա շնորհակալություն հայտնեց բոլորին ներկայության համար։

«Մեծարգո պարոն Մուրադյան, ոչ միայն ես, այլև բոլորս շնորհակալ ենք արժեւորելու և գնահատելու համար։ Ձեր մեծ հոգու և սրտի համար շնորհակալ ենք»,- ասաց տիկին Ներսիսյանը՝ դիմելով Բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանին։

Իր հերթին Արմեն Մուրադյանն էլ շնորհավորեց Հայոց բանակի տոնի և Արմենակ Ուրֆանյանի ծննդյան օրվա կապակցությամբ։ Արմեն Մուրադյանը պատմեց, որ Արմեն Ուրֆանյանի անվամբ լսարան բացելու միտքն առաջացել է քառօրյա պատերազմի մասնակից Ռոբերտ Աբաջյանի անվամբ լսարան բացելու օրը, երբ նա դիմել է Համեստ Ներսիսյանին՝ թույլտվություն ստացել նրանից, որ որդու անունը կրի մեկ այլ լսարան։

«Այս ծառը, որ դրված է այստեղ, Արմենակ Ուրֆանյանի սիրած ծառն է՝ բալենին։ Եղանակը թույլ չի տալիս, որ այսօր տնկենք, բայց ապրիլի առաջին օրերին՝  իրենց լույս հիշատակի օրերին, ծառը տնկվելու է բակում, և այսպիսի ծառերով էլ նաև հարստանալու է ուսանողական համալիրը, որտեղ ուսանողները տեսնելու են՝ ինչ է նշանակում հայրենասիրությունը»,- ասաց նա։

Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի անունից, Արմեն Մուրադյանը նաև հուշանվեր նվիրեց Համեստ Ներսիսյանին՝ որդու ծննդյան տարեդարձի կապակցությամբ։ Արմեն Մուրադյանն ասաց, որ հաջորդ լսարանը կկրի քառօրյա պատերազմի մասնակիցներ՝ Քյարամ Սլոյանի և Անդրանիկ Զոհրաբյանի անունները։

Մանրամասները՝ տեսանյութում։