Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

«Երբ մի զինվորական եմ տեսնում, ուզում եմ ամենալավն անեմ նրա համար»․ հերոսի մայր (տեսանյութ)

Այսօր Եռաբլուրում էին նաև Ապրիլյան պատերազմում զոհվածների մայրերը։ Պայմանագրային զինծառայող Հրաչյա Մուրադյանի մայրը՝  Գոհար Աբրահամյանը, պատմում է, որ որդին զոհվել է վիրավոր ընկերոջն օգնելիս, 2016 թվականի ապրիլի 7-ի գիշերը․

«Ժամը 3-ին եմ վերջին անգամ հետը խոսել արդեն պատերազմական վիճակ էր, այդ գիշեր էլ զոհվեց»։

Մայրն ասում է՝ որդին պատրաստ էր բոլորի համար կյանքը տալ, այդպես էլ արեց․

«Չէր կարող անտարբեր մնալ, իր էությամբ շատ բարի , նվիրված մարդ էր, շատ ընկերասեր։ Այդպիսի քայլ մի անգամ էլ էր արել։ Մինչև 2016 թվականը էլի ընկերոջը կրակել են, գնացել է գրկած բերել, թևերի վրա մահացել է ընկերը»։

Հրաչը 3 երեխաների հայր էր, մայրն ասում է՝ մեծ երազանքներ ուներ իր երեխաների հետ կապված։

Արդեն 28-ամյա բանակին հերոսի մայրը համալրում է մաղթում․

«Թող մեր զինվորների համար կյանքը միշտ ուղիղ գծի նման հարթ լինի, երբ մի զինվորական եմ տեսնում, ուզում եմ ամենալավ բաները անեմ նրա համար։ Թող կայուն լինի մեր բանակը, թող մարտական վիճակ չլինի, ու բանակը մնա որպես բանակ»։

Ապրիլյան պատերազմի ժամանակ Ջրականում (Ջաբրայիլ) զոհված զինծառայող, դիպուկահար Գրիգոր Հարությունյանի մայրն՝ Աննա Հարությունյանն  էլ պատմում է՝ վերջին անգամ տղայի հետ խոսել է մարտի 31-ին, խոստացել է, որ կզանգի, տղան զոհվել է ապրիլի 2-ին։

Հարցին, թե բավարարում է այն ուշադրությունը, որ պետությունը հատկացնում է զոհված զինծառայողների ընտանիքներին, բավարա՞ր է, հերոսի մայրն ասում է՝ մի փոքր սփոփանք է։

«Մանկուց սիրում էր պատերազմական ֆիլմեր, ասում էր, որ մեծանամ բանակ գնամ, թուրք եմ խփելու, ու ընտրեց դիպուկահարի ճանապարհը»։

«Մեր հզոր բանակին մաղթում եմ խաղաղություն, մեր սահմանը պահող զինվորներին մաղթում եմ անփորձանք ծառայություն, անփորձանք վերադառնան իրենց հայրենի  տուն, սահմանը պահող զինվորների շնորհիվ է, որ ունենք հանգիստ քուն»,-ասաց հերոսի մայրը։