Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երկուսը Հայաստանում են

Սպորտ

Ինչպես տեղեկացրել ենք, կանադական Վանկուվեր քաղաքում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերին Հայաստանից կմասնակցեն չորս մարզիկներ: Նրանք են դահուկավազորդներ Սերգեյ Միքայելյանը ու Քրիստինե Խաչատրյանը եւ լեռնադահուկորդներ Անի-Մաթիլդա Սերեբրակյանն ու Արսեն Ներսիսյանը:

Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը «Ա1+»-ին տեղեկացրեց, որ Սերգեյ Միքայելյանը ներկայումս մասնակցում է Գերմանիայում անցկացվող աշխարհի երիտասարդական առաջնությանը: Նա հունվարի 31-ին կվերադառնա Երեւան, իսկ մի քանի օր անց կմեկնի Վանկուվեր, որտեղ անմիջականորեն կնախապատրաստվի խաղերին: Մեր մնացած երեք մասնակիցներն այս օրերին ուսումնամարզական հավաք են անցկացնում. Քրիստինե Խաչատրյանը` Գյումրիում, Անի-Մաթիլդա Սերեբրակյանը` ԱՄՆ-ում, քանի որ նա ամերիկահայ է, իսկ Արսեն Ներսիսյանը` Ծաղկաձորում:

Մեր մարզիկները Վանկուվեր կմեկնեն փետրվարի 5-ին: Նրանցից առաջինը մրցատարածություն դուրս կգա Քրիստինե Խաչատրյանը, որը փետրվարի 15-ին կմասնակցի 10 կմ մրցավազքին: Նույն օրը տեղի կունենա տղամարդկանց 15 կմ մրցավազքը, որին կմասնակցի Սերգեյ Միքայելյանը: Փետրվարի 17-ին մեր դահուկորդները կմասնակցեն անհատական արագավազքին:

Արսեն Ներսիսյանը փետրվարի 21-ին իր ուժերը կփորձի հսկա ոլորավայրէջքում, իսկ 27-ին` ոլորավայրէջքում: Անի-Մաթիլդա Սերեբրակյանը հանդես կգա նույն ամսի 24-ին (հսկա ոլորավայրէջք) եւ 26-ին (ոլորավայրէջք):