Լոնդոնը հաստատեց հայորդու ռեկորդը
Աջակցիր «Ա1+»-ինԳինեսի ռեկորդների կենտրոնական գրասենյակը, որը գտնվում է Լոնդոնում, դեռեւս 2009 թվականի դեկտեմբերի 11-ին հաստատել էր Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանության համալսարանի ֆիզիկական կուլտուրայի ամբիոնի դասախոս Դավիթ Ֆահրադյանի սահմանած յուրօրինակ ռեկորդը:
Հիշեցնենք, որ նա անցած տարվա հուլիսի 21-ին պտտաձողի վրա կատարել էր 354 մեծ պտույտներ: Գինեսի համաշխարհային ռեկորդի սահմանման այդ փորձը արձանագրվել էր տեսաժապավենի վրա (ի դեպ, այն պարտադիր սիրողական նկարահանում պետք է լինի) եւ օգոստոսին ուղարկվել Գինեսի համաշխարհային ռեկորդների գրանցման հանձնաժողովին:
Եվ ահա, ռեկորդի գրանցումից մեկ ամիս անց Դավիթ Ֆահրադյանը Լոնդոնից ստացավ համապատասխան դիպլոմը: Այդ կապակցությամբ այսօր ԵրՊԼՀ-ում անցկացվեց մամուլի ասուլիս:
Ներկաներին նախ ցուցադրեցին Դավիթ Ֆահրադյանի սահմանած ռեկորդի տեսագրությունը: Ապա միջոցառման հերոսը պատասխանեց լրագրողների հարցերին: Նա կարճ խոսեց եւ ասաց, որ ռեկորդը սահմանել է իր, համալսարանի եւ հայ ժողովրդի համար:
Գինեսի ռեկորդների հայկական գրասենյակի ղեկավար Վարդան Թովմասյանը հայտնեց, որ վերջին անգամ Հայաստանից Գինեսի գրքի ռեկորդ էր սահմանել Արտակ Գրիգորյանը, 7 տարի առաջ: Նա նաեւ ասաց, որ այս տարի մենք երկու ռեկորդ սահմանելու հայտ կներկայացնենք Լոնդոն: Ի դեպ, դրանցից մեկը ցանկանում է սահմանել «Գրանդ քենդի» ընկերությունը, որն այս տարի նշում է իր հիմնադրման 10-ամյակը: Իսկ թե ինչ ռեկորդ է լինելու այն եւ որ բնագավառում, Վարդան Թովմասյանը գաղտնի պահեց: