Բացել լրահոսը Փակել լրահոսը
32186832_1913641198687070_4092595515118583808_n
A A
Պաշտոնական

«ՔՊ»-ի վերահսկող հանձնաժողովը նիստ կանի․ պատճառն ավագանու անդամի գրառումն է

Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարել է, որ այսօր հրատապ նիստ է գումարելու։

Պատճառը ավագանու անդամ Հենրիկ Հարթենյանի գրառումն է, ով Ֆեյսբուքի իր էջի story բաժնում ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դստեր էջի լուսանկարն է հրապարակել և կից գրել. «Հ. Թովմասյանի աղջկա ֆբնա, ձեզ տեսնեմ ժողովուրդ ջան»:

«Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը խստորեն դատապարտում է ատելության խոսքի ցանկացած դրսևորում:

Հայցում ենք ձեր ներողամտությունը կատարվածի առթիվ:

Վաղը Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը կգումարի հրատապ նիստ, որից հետո հանդես կգա հայտարարությամբ»,- ասվում է երեկ ուշ երեկոյան արված հայտարարության մեջ։

Այս առթիվ հայտարարություն է տարածել նաեւ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը․

«Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վերահսկող հանձնաժողովն անընդունելի է համարում «Իմ Քայլը» ավագանու խմբակցության անդամ, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ Հենրիկ Հարթենյանի ֆեյսբուքյան հայտարարությունը, որը միանշանակ հակասում է կուսակցության կողմից որդեգրած արժեքներին և սկզբունքներին: Ատելության խոսքն ու անհանդուրժողականությունը խիստ դատապարտելի են: Միջադեպը կքննվի վերահսկող հանձնաժողովում:

Հարգանքով»,- ասվում է հայտարարության մեջ։

Միջադեպը դատապարտել է նաեւ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ նշելով․

«Խստորեն դատապարտելի, բացարձակ մերժելի է Երևանի ավագանու անդամ Հենրիկ Հարթենյանի արարքը՝ կապված Հրայր Թովմասյանի դստեր հետ։

Ու առհասարակ, հանրային պաշտոն զբաղեցնող ցանկացած անձից խիստ պահանջում եմ հստակ գիտակցել իր պաշտոնական կարգավիճակը և գործել բացառապես այդ կարգավիճակի սահմաններում, դրսևորել պատշաճ վարքագիծ։ Դուք սահմանափակված եք ձեր պաշտոնական կարգավիճակով։

Որևէ մեկն իրավունք չունի թիրախավորել ընտանեկան կյանքն ու առավել ևս երեխաների ու լարվածությունն ուղղել այդ կողմ՝ անկախ նրանից պաշտոնյայի ընտանիքի մասին է խոսքը, թե ոչ։

Սոցիալական ցանցերի օգտատեր մեր հայրենակիցներին խնդրում եմ հարգանքով վերաբերվել իրար, հարգանքով վերաբերվել միմյանց կարծիքի ու արժանապատվության նկատմամբ, անձնական ու ընտանեկան կյանքի նկատմամբ»։