«Մենք խնդիրներ չունենք Ադրբեջանի հետ»
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ Ռազմիկ Ստեփանյանը եւ Հայաստանի ըմշամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Հրանտ Ենոքյանը վստահեցնում են , որ ամեն ինչ արվել է միջազգային մրցաշարը բարձր մակարդակով անցկացնելու համար: Խոսքը փետրվարին Երեւանում կայանալիք հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի գավաթի խաղարկության մասին է:
Մասնավորապես` ըմբշամարտի հանրապետական ֆեդերացիայի նախագահ Սամվել Կարապետյանը 600 հազար դոլար է տրամադրել` առաջնության բոլոր կազմակերպչական հարցերը լուծելու համար (նոր մարզագույքի եւ տեխնիկայի ձեռքբերում, մրցանակային հիմնադրամի ստեղծում եւ այլն):
Սակայն մամուլի ասուլիսից պարզվեց, որ առաջնության կազմկոմիտեն, այնուամենայնիվ, մեկ հիմնախնդիր ունի: Այն հերթական անգամ կապված է մեր հարեւան երկրի` Ադրբեջանի հետ: Առաջնության մասնակից 8 երկրներից 7-ը` Թուրքիան, Իրանը, Ռուսաստանը, Վրաստանը, Հունգարիան, Կուբան եւ, ինքնաբերաբար, Հայաստանը, արդեն հաստատել են իրենց մասնակցությունը: Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան առայժմ հայտ չի ստացել միայն Ադրբեջանի ֆեդերացիայից:
Ինչպես տեղեկացրեց ՀԱՕԿ-ի փոխնախագահ Ռազմիկ Ստեփանյանը, եթե առաջիկա 2-3 օրերին Ադրբեջանի հավաքականը չհաստատի իր մասնակցությունը, ապա վերջինիս կփոխարինեն կամ Ուզբեկստանի, կամ Դանիայի, կամ էլ Շվեդիայի ընտրանիներից մեկը (այդ ընտրությունը կկատարի միջազգային ֆեդերացիան): Իսկ մեր հարեւանների հետ կապված հիմնախնդիրը կայանում է միայն նրանում, որ Ադրբեջանի հավաքականի մասնակցության դեպքում մենք, հասկանալի պատճառներով, պետք է լրջորեն զբաղվենք թիմի անվտանգության հարցերով, իսկ այդ աշխատանքները, ինքնին, ժամանակ են պահանջում:
Լրագրողների այն հարցին, արդյոք ՀԸՖ-ն հնարավոր է հրաժարվի այս տարի Բաքվում նախատեսված Եվրոպայի առաջնությունից, եթե Ադրբեջանը չմասնակցի երեւանյան մրցաշարին, Ռազմիկ Ստեփանյանը պատասխանեց. «Մենք ոչ մի խնդիր չունենք մեր հարեւան երկրի գործընկերների հետ, ուստի մեր հավաքականները միանշանակ կմասնակցեն Բաքվում նախատեսված Եվրոպայի առաջնությանը, եթե, իհարկե, այլ լուրջ խոչընդոտներ չառաջանան: Համենայնդեպս, ֆեդերացիայի կազմած ծրագրով մեր ըմբիշները հատուկ նախապատրաստվելու են գալիք Եվրոպայի առաջնությանը»:
Հավելենք, որ հունահռոմեական ոճի ըմբշամարտի այս տարվա աշխարհի գավաթի խաղարկության բուն մրցումները տեղի կունենան փետրվարի 13-ին եւ 14-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Մրցումների առաջին օրը կանցկացվեն խմբային փուլի մրցամարտերը, իսկ երկրորդ օրը` եզրափակիչները (1-ին, 3-րդ եւ 5-րդ տեղերի համար): Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի կանոնակարգով գումարային պարգեւատրում ստանում են միայն առաջին երեք տեղերը գրաված հավաքականները: