Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Հարյուր միլիոնավոր անապատային մորեխներ գրոհել են Քենիան

Քենիայում գրանցվել է անապատային մորեխների «գրոհի»` վերջին 70 տարում ամենալայնամասշտաբ դեպքը: Հարյուր միլիոնավոր մորեխներ Քենիա են ներխուժել Սոմալիից և Եթովպիայից, գրում է The Guardian-ը:
 
Այս երկու երկրներում վերջին քառորդ դարի ընթացքում չի եղել այնպիսի վարակ, որը կկործանի գյուղատնտեսական հողերն ու կսպառնա առանց այդ էլ խոցելի տարածաշրջանին ավերիչ սովով։ 
 
Միջատները ոչնչացրել են գյուղատնտեսական նշանակության ահռելի հողատարածքներ, կերել են բերքը, ինչը նշանակում է, որ առանց այդ էլ աղքատ երկրում սարսափելի սով է սպասվում: Ընդհանուր առմամբ, վնասվել է 70,000 հա մակերեսով տարածք:
 
«Նույնիսկ կովերն են ահաբեկված, - ասել է Նդունդա Մականգան, որը  մի քանի ժամ փորձել է մորեխներին դուրս քշել իր ագարակից: - ես չեմ կարող հասկանալ, թե ինչ է կատարվում, եգիպտացորեն, սիսեռ, սորգո, բակլա, նրանք կերել են ամեն ինչ»։
 
Երբ անձրեւներ գան մարտին եւ նոր բուսականություն աճի տարածաշրջանի մեծ մասում, արագ բազմացող մորեխների թվաքանակը կարող է աճել 500 անգամ, մինչեւ հունիսին ավելի չոր եղանակը դադարեցնի դրանց տարածումը, ասված Է ՄԱԿ-ի զեկույցում:
 
ՄԱԿ-ում հայտարարել են, որ մոտ 70 մլն դոլար է անհրաժեշտ, որպեսզի  օդից թունաքիմիկատներ շաղ տան, ինչը մորեխների դեմ պայքարի միակ արդյունավետ միջոցն է: Սակայն դա հեշտ չի լինի, հատկապես Սոմալիում, որտեղ երկրի որոշ շրջաններ գտնվում են «Ալ Քաիդայի»՝ «Աշ Շաբաբ» ծայրահեղական խմբավորման իշխանության տակ:
 
Մորեխների անգամ  մի փոքր պարսը կարող է մեկ օրում 35 000 մարդու համար նախատեսված չափաբաժնով սնունդ ուտել, այդ մասին ասել է  Ժնեւում ՄԱԿ-ի հումանիտար բաժանմունքից մասնագետ Յենս Լաերկեն:
 
Քենիայում շուրջ 70 000 հեկտար հող է արդեն վարակվել։
 
Քենիայի հյուսիս-արևելյան հատվածը պատուհասած պարսերից մեկն ունի 60 կմ երկարություն և 40 կմ լայնություն:

Քամու ուղղության հետ շարժվող մորեխները կարող են մեկ օրում 150 կմ տարածություն հաղթահարել: Այժմ նրանք շարժվում են Ուգանդայի և Հարավային Սուդանի ուղղությամբ: