Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM0134610
A A
Հասարակություն

«Նախորդ տարի լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության դեպքերը կտրուկ նվազել են, ճնշումներն՝ ավելացել» (տեսանյութ)

«2019 թվականն աննախադեպ էր լրագրողների ու լրատվամիջոցների ներգրավվածությամբ դատական գործերի քանակով»,-այս մասին այսօր Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի 2019 թվականի տարեկան զեկույցը ներկայացնելիս հայտնեց Խոսքի ազատության և պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը։

Ըստ զեկույցի՝ տարվա ընթացքում վարույթ է ընդունվել 96 նոր դատական հայց` նախորդ տարվա 22-ի դիմաց։  Դրանց գերակշիռ մասը վերաբերել են վիրավորանքի և զրպարտության հոդվածին, Մելիքյանը սա  կապում է համացանցում կեղծ տեղեկատվության տարածման, մանիպուլիացիաների ակտիվացմամբ։

Մելիքյանն ընդգծում է, որ ի տարբերություն 2018 թվականի՝ 2019-ին լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության դեպքերը կտրուկ նվազել են՝ գրանցվել է 4 դեպք` նախորդ տարվա 21-ի դիմաց։

«Չնայած ամեն մի բռնության դեպք արտառոց է, և մենք դատապարտող հայտարարություններով ենք հանդես գալիս և պահանջում, որ իրավապահ մարմինները  պատժի ենթարկեն մեղավորներին: Վերջին դեպքը 2019-ի դեկտեմբերին էր, երբ հարձակման ենթարկվեց կենտրոն հեռուստաընկերության նկարահանող խումբը»:

Մելիքյանը տեղեկացնում է՝  կրկնակի աճել է ԶԼՄ-ների և դրանց աշխատակիցների նկատմամբ տարատեսակ ճնշումների քանակը. այն հասել է 134-ի՝ նախորդ տարվա 67-ի դիմաց։ Որոշ չափով աճել է նաև տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումների թիվը:

Մելիքյանն ընդգծում է, որ 2019 թվականի կարևոր իրադարձություններից էր նաև  ԶԼՄ-ների ոլորտում սեփականության վերաբաշխումը։

«Տրոհվեց «ՊանԱրմենիան» մեդիա հոլդինգը, և նոր սեփականատրեր ի հայտ եկան, այդ գործընթացը չէր արվում իշխանոությունների միջամտությամբ, հիմա էլ նոր սեփականատերեը այսպես կամ այնպես ասոցացվում են նախորդ իշխանությունների կամ դրանց ներկայացուցիչների հետ։ Բացի այդ, կրկնակի վաճառվեց նաև նախկին Հ3 հեռուստաընկերությունը, որը սեփականատիրոջ առաջին փոփոխումից հետո եթեր դուրս եկավ «MoTV» անվամբ, իսկ հետո, երբ բաժնետոմսերի ամբողջ փաթեթն անցավ «Արմենիա» հեռուստաընկերության նախկին սեփականատերերին՝ Սարգսյան եղբայրներին, վերանվանվեց «Նոր Հայաստան»-նշեց Մելիքյանը՝ հավելով որ այս վերաբաշխումն էլ ավելի հրատապ է դարձնում ԶԼՄ-ների սեփականության և ֆինասավորման աղբյուրների թափանցիկության խնդիրը, ըստ Մելիքյանի՝ այս խնդրի լուծումը կհանգեցնի նրան, որ լրատվամիջոցները էլ ավելի արդար խաղի կանոններով կգործեն իրենց լսարանի հետ.

Մելիքյանի խոսքով՝ հրատապ է «Զանգվածային լրատվության մասին» և «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու հարցը։

Նախորդ տարի լրագրողական հանրության մտահոգությունն առաջացրեցին Կառավարության կողմից շրջանառության մեջ դրված մի շարք օրինագծեր։

«Դրանցից է, օրինակ, Շրջակա միջավայրի նախարարության կողմից մշակված «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու վերաբերյալ օրինագիծը, որով փորձ է արվում անընդունելի հիմնավորմամբ սահմանափակելու բնապահպանական բնույթի տեղեկատվությունը, որը որևէ լուրջ հիմնավորում չունի:  Խիստ մտահոգիչ էր նաև Արդարադատության նախարարության ներկայացրած «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին օրինագիծը, որով նախատեսվում է Հանրային հեռուստաընկերությանը վերապահել մեկ եթերային ժամվա ընթացքում մինչև 5 րոպե տևողությամբ գովազդ ունենալ: Երկու կողմից ֆինանսավորումը անարդար պայմաններ է ստեղծում մրցակցության առումով մասնավոր հեռուստաընկերությունների հետ»։

Նախորդ իշխանությունների օրոք քաղաքապետարանում ԶԼՄ-ների գործունեությանը  սահմանափակվեց, նախորդ տարի Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի մշակած և ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից շրջանառության մեջ դրված՝ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի ընդունումից հետո լրագրողները հնարավորություն ստացան ներկա գտնվել ավագանու նիստերին և ազատորեն լուսաբանել դրանք։     

Մելիքյանն ընդգծում է, որ 2019-ի տարեվերջի նշանակալի իրադարձություններից էր նաև այն, որ «Ա1+» հեռուստաընկերությունը երկար տարիներից հետո դիմեց ՀՀ վարչական դատարան և պահանջեց առոչինչ ճանաչել 2003 թվականին ընդունված ու դեռևս ուժի մեջ գտնվող ակտերը, որոնցով որ եթերազրկվել էր և հնարվորություն չէր ունեցել  գործունեություն իրականցնելու որպես եթերային հեռուստաընկերություն։

«Կարծում եմ՝ սա բավականին հետաքրքիր գործընթաց կարող է լինել, եթե դատական ատյաններում իսկապես այդ հայցը բավարարվի, որովհետև դրանից հետո կարող է սկսվել նաև փոխհատուցման գործընթացը»։

Մելիքյանը տեղեկացրեց նաև՝ 2019-ին Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն շարունակել է դիտարկել 2015թ․հունիսի 23-ին տեղի ունեցած «Էլեկտրիկ Երևանի» և 2016թ․հուլիսի 17-ից 30-ը՝ «Սարի թաղի» իրադարձությունների առնչությամբ հարուցված քրեական գործերը, որոնց շրջանակներում տուժող են ճանաչվել 40-ից ավելի լրագրողներ ու օպերատորներ։

«Մեզ մտահոգում է այն հանգամանքը, որ ՀՔԾ-ն կասեցնում է այդ գործերը, հետո մենք բողոքարկում ենք, դա գնում է դատական ատյաններ և այնտեղից նորից վերադառնում է, բայց որևէ առաջընթաց, որևէ նոր կասկածյալ, մեղադրյալ չկա, իսկ մենք մտահոգված ենք մեր գործընկերների խնդիրներով, ովքեր տուժել են այդ իրադարձությունների ընթացքում»:

Մելիքյանը  համարում է, որ իշխանափոխությունից հետո լրատվամիջոցների ազատությունը շատ ավելի բարվոք վիճակում է, սակայն, ըստ Մելիքյանի, կա մեկ այլ խնդիր․

«Հիմա էլ լրատվամիջոցները ազատ չեն այն քաղաքական ուժերի միջամտություններից և ազդեցությունից, որոնք որ ֆինանասավորում են այդ լրատվամիջոցները, այս առումով դժվար է խոսել ազատ մամուլի մասին»։