Ռիբերին թաքնվել է մեքենայի թափքում
Աջակցիր «Ա1+»-ինՖրանսիայի ֆուտբոլի հավաքականի եւ Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին լրագրողներից խուսափելու համար թաքնվել է իր ավտոմեքենայի թափքում:
Դեպքը տեղի է ունեցել Մարսելի ոստիկանական բաժանմունքներից մեկում, որտեղ ֆուտբոլիստը վկայություն է տվել իր նախկին գործակալ Բրունո Հայդերշտայդի դեմ հարուցած գործի կապակցությամբ: Վերջինս մեղադրվում է փաստաթղթեր կեղծելու մեջ:
Ռիբերին բաժանմունք է ժամանել իր սեւ գույնի «Ռենոյով»: Սակայն երբ ավտոմեքենան դուրս է եկել ոստիկանության բակից, ֆուտբոլիստին դարանակալած լրագրողները հանկարծակիի են եկել, քանի որ մեքենայի սրահում եղել են վարորդն ու Ռիբերիի կինը:
ԶԼՄ-ների ներկայացուցիչները սկզբում ենթադրել են, որ իրավապահները ֆուտբոլիստին պահել են մեկուսարանում: Նրանք շարունակել են դարանակալումը, սակայն որոշ ժամանակ անց պարզվել է, որ Ռիբերին վաղուց բաժանմունքում չէ:
Ըստ ԶԼՄ-ների, ֆուտբոլիստը չի ցանկացել այդ գործի կապակցությամբ բացատրություն տալ լրագրողներին եւ բաժանմունքից աննկատ հեռանալու համար թաքնվել է ավտոմեքենայի թափքում: