Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Խորհրդակցություն ՔԿՎ-ում․ քննարկվել են կալանավորների և դատապարտյալների բուժօգնությանն առնչվող հարցեր

2020 թվականի հունվարի 22-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության վարչական շենքում Արդարադատության նախարարության և Քրեակատարողական ծառայության ղեկավարության նախաձեռնությամբ անց է կացվել խորհրդակցություն, որը նվիրված էր քրեակատարողական հիմնարկներում որպես խափանման միջոց ընտրված կալանքը կամ պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների հիմքով դատապարտյալներին պատիժը կրելուց ազատելու և կալանավորված անձանց նկատմամբ կիրառված կալանավորումը որպես խափանման և հարկադրանքի միջոց վերացնելու կամ փոխելու գործընթացի կազմակերպման և դրա իրականացման ապահովման ընթացակարգերի մշակմանը։

Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանը, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը, Քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալը, տեղակալները, քրեակատարողական հիմնարկների պետերը և սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների գծով պետի տեղակալները, Ծառայության և Արդարադատության նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության ներկայացուցիչները, ինչպես նաև «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավարությունը և համապատասխան բժշկական հանձնաժողովների նախագահները և անդամները։

Բացի օրակարգային հիմնական հարցից՝ քննարկվել են նաև քրեակատարողական հիմնարկներում կալանավորված անձանց և դատապարտյալների բժշկական օգնության ու սպասարկման կազմակերպմանը վերաբերող տարաբնույթ խնդիրների հետ կապված մի շարք ենթահարցեր ևս, այդ թվում` «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ Քրեակատարողական ծառայության և քրեակատարողական հիմնարկների փոխհարաբերություններին, ազատությունից զրկված անձանց մահվան, ինքնասպանության դեպքերին, հացադուլներին առնչվող հիմնախնդիրները և այլն։

Խորհրդակցության արդյունքներով ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետի և ՀՀ արդարադատության նախարարի տեղակալի կողմից իրավասու ստորաբաժանումներին և պաշտոնատար անձանց տրվել են անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկելու վերաբերյալ հանձնարարականներ, որոնց կատարումն ապահովելու նպատակով սահմանվել է խիստ հսկողություն։

 

 

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության

հանրային կապերի բաժին