Բացել լրահոսը Փակել լրահոսը
Կուտոյան
A A
Պաշտոնական Հասարակություն

Կուտոյանի բնակարանում հայտնաբերված զենքի վրա խլացուցիչ չի եղել․ ՔԿ

ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան օրը դեպքի վայրում հայտնաբերված ատրճանակի վրա խլացուցիչ չի հայտնաբերվել։ Այդ մասին «Ա1+»-ն Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Նաիրա Հարությունյանը։

Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 17-ին հայտնի դարձավ, որ հրազենային վիրավորումով հայտնաբերվել է Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին։ Դեպքի վայրում հայտնաբերվել էր «Գլոկ» տեսակի ատրճանակ, որն օրինական պարգևատրման կարգով ԱԱԾ նախկին տնօրենի ստացած իր զենքն է, որը Վրաստանի անվտանգության ծառայության ղեկավարի կողմից էր նրան տրվել։

Հունվարի 18-ին ՔԿ-ն մանրամասներ էր հայտնել Կուտոյանի մահվան վերաբերյալ։

ՔԿ մամուլի խոսնակը նշեց, որ հունվարի 17-ին հայտնաբերված զենքի վրա խլացուցիչ չի հայտնաբերվել։

«Իսկ ինչ վերաբերում է դեկտեմբեր ամսին Գեորգի Կուտոյանի կողմից օգտագործված զենքի վրա խլացուցիչ լինել-չլինելու հանգամանքին, այդ հանգամանքը պարզվում է»,- ասաց Հարությունյանը։

Հարցին, թե երկուսի դեպքում էլ նույն զե՞նքն է եղել, մամուլի խոսնակը պատասխանեց, որ ըստ էության՝ այո։ Հարցին՝ այսինքն՝ դեռևս չեք ստուգե՞լ, հնարավո՞ր է տարբեր զենքեր եղած լինեն, պատասխանեց․ «Տեսեք, որ ասում ենք՝  նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն, պետք է պարզի՝ փամփուշտը որ զենքի փամփուշտ է։ Դեռևս փորձաքննության եզրակացությունը չենք ստացել , որպեսզի կարողանանք ասել»։

Հարցին, թե մոտավորապես ե՞րբ ստացած կլինեն փորձաքննության եզրակացությունը, Հարությունյանը պատասխանեց ՔԿ-ի լիազորությունների շրջանակում չէ, տեղյակ չէ։ Իսկ թե ով է ցուցմունք տվել, որ Կուտոյանը դեկտեմբեր ամսին անկանոն կրակոցներ է արձակել հյուրասենյակի և խոհանոցի բաժանարար պատին՝ խոսնակը չասաց՝ ելնելով նախաքննական գաղտնիքից։

Զենքի վրայի մատնահետքերի մասով մեր հարցին ի պատասխան Նաիրա Հարությունյանն ասաց, որ նշանակված են մատնադրոշմային, դատաձգաբանական, դատահետքաբանական, դիակի դատաբժշկական փորձաքննություններ, որոնց եզրակացությունները դեռևս չեն ստացվել։