Բացել լրահոսը Փակել լրահոսը
82761247_2564276343640641_2463599881005039616_n
A A
Հասարակություն

Նախատեսվում է գործարկել Սպանդարյանի տուֆի և բազալտի հանքավայրը

«Սենթրալ Իսթեյթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը մտադիր է շահագործել Երևանի Աջափնյակ վարչական շրջանի սահմաններում գտնվող Սպանդարյանի տուֆի և բազալտի հանքավայրը:

Սրա վերաբերյալ Աջափնյակի թաղապետարանի շենքում քննարկում էր կազմակերպվել, որին մասնակցում էին «Սենթրալ Իսթեյթ»-ի գործադիր տնօրեն Արմեն Մկրտչյանը, ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի Ռեգիոնալ երկրաբանության և օգտակար հանածոների հետախուզման ամբիոնի վարիչ, ընկերության ներկայացուցիչ, երկրաբան, հանքավայր շահագործման աշխատանքների նախագծող Շահեն Խաչատրյանը, Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության ներկայացուցիչ Նորիկ Ալեքսանյանը, Երևանի ավագանու Իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Մելքոմ Մելքոմյանը, բնապահպան-ակտիվիստներ, Հայկական բնապահպանական ճակատի անդամներ Լևոն Գալստյանը, Անի Խաչատրյանը, Արփինե Գալֆայանը, Աջափնյակի թաղապետ Գևորգ Բաբայանը, Աջափնյակի վարչական շրջանի «Գ1» թաղամասի բնակչուհի Նվարդ Մանասյանը եւ այլոք։

Շահեն Խաչատրյանն ասաց, որ հանքավայրի պաշարները հաստատված են մոտ 1960 թվականին, հանքավայրի տարածքը կազմում է մոտ 320 հեկտար, պաշարները՝ 11 միլիոն մ3։ «Բայց ընկերությունը հայցում է 8,8 հեկտարի վրա գտնվող օգտակար հանածոյի պաշարները, որոնք մոտավորապես 2 միլիոն մ3 են։ Ուրեմն այնտեղ հիմնականում տուֆեր են, տուֆերի պաշարներն են հաստատված ավելի շատ են, քան բազալտը, մոտավորապես 1,3 միլիոնը՝ տուֆ, 700 հազար մ3-ը բազալտի պաշարներ են»,- շարունակեց նա։

Երկրաբանի խոսքերով՝ հանքավայրը շահագործվելու է բաց եղանակով՝ տուֆն առանձին, բազալտն՝ առանձին, պայթեցման աշխատանքներ չեն կատարվելու, սղոցներով են քանդման աշխատանքները կատարվելու, իսկ թափոնները քար մանրացնող սարքերով (դրաբիլկա) են մանրացվելու համապատասխան չափսերով խճաքարի համար։ «Դեռ մենք Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում չենք արել, նախնական հայտը դեռ չունենք»,- նշեց երկրաբանը։

Բնապահպան Լևոն Գալստյանը նշեց, որ քննարկման համար գոնե 5-10 էջանոց հանքավայրը նկարագրող փաստաթուղթ լիներ, որ այն զանգվածային լիներ։ «Ենթադրենք՝ ես ընդհանրական կարող եմ ասել, որ ես՝ որպես Երևանի քաղաքացի, գտնում եմ, որ հանքը չշահագործվի Երևանի կողքը, որովհետև մենք ունենք փոշու լուրջ խնդիր, բայց դա կլինի ոչ հիմնավորված, որովհետև ես չեմ կարդացել ոչ մի բան»,- նշեց բնապահպանը։

Ի պատասխան՝ քաղաքապետարանի բնապահպանության վարչության ներկայացուցիչն ասաց, որ հեռախոսահամար է տեղադրված եղել քննարկման վերաբերյալ իրազեկման հայտարարության մեջ, որին կարող էին քաղաքացիները զանգահարել, ինչպես նաև, որ այս քննարկման ժամանակ տեղեկությունների հիման վրա՝ այս օրվանից սկսած 5 աշխատանքային օրվա ընթացքում դիտողությունները գրավոր ներկայացնել։ 

Բնապահպան Արփինե Գալֆայանն առաջարկեց քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում տեղադրել, քաղաքապետարանի մամուլի խոսնակի միջոցով տարածել հայտարարությունը։

Ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Մելքոմ Մելքոմյանը հետաքրքրվեց, թե արդյոք մինչ այս «Սենթրալ Իսթեյթ» ՍՊԸ-ն հանքի շահագործմամբ երբևէ զբաղվե՞լ է, գործադիր տնօրենը պատասխանեց, որ ոչ։

Ընկերությունը հանքավայրի շահագործման դեպքում աշխատատեղերի, հնարավոր շահույթի վերաբերյալ դեռևս հաշվարկ չի կատարել։

Մանրամասները՝ տեսանյութերում։