Մոտ երկու ամիս է՝ փաստաբանը չի ստացել վճիռը, դիմել է ԲԴԽ
Աջակցիր «Ա1+»-ինՄոտ երկու ամիս է տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Արա Ղարագյոզյանը չի ստացել խոշտագման գործով դատական ակտը։ Թեեւ ըստ օրենքի, դատական ակտը հրապարակելուց հետո հինգօրյա ժամկետում այն պետք է ուղարկվի դատավարության կողմերին։
Արա Ղարագյոզյանը ներկայացնում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում խոշտանգման ենթարկված Արմեն Աղաջանյանի մոր՝ Գայանե Աղաջանյանի շահերի պաշտպանությունը։
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանը նոյեմբերի 26-ին վճռել է գործով ամբաստանյալ Արմեն Հովհաննիսյանի արարքը վերաորակել որպես լիազորությունների անցում եւ համաներման կիրառմամբ ազատ արձակել, իսկ խոշտանգման հոդվածով արդարացվել է։
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Արա Ղարագյոզյանը դատական ակտը անպայման բողոքարկելու է․ «Գտնում ենք, որ խոշտանգում է տեղի ունեցել, ոչ թե լիազորությունների անցում»։
Հունվարի 8-ին փաստաբան Արա Ղարագյոզյանը դիմել է Բարձրագույն դատական խորհուրդ, որպեսզի քայլեր ձեռնարկվեն դատական ակտը տուժող կողմին տրամադրելու ուղղությամբ, սակայն Դատական դեպարտամենտից գրություն է ստացել, որ դիմումը ուղարկվել է Երեւանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանին՝ հետագա ընթացքը լուծելու նպատակով։
Դատական ակտը, ի դեպ, չի ստացել նաեւ մեղադրող կողմը։