Սահմանադրական դատարանն այս պահին գտնվում է նախորդ իշխանության ուժեղ ճնշման տակ․ Հրանուշ Խառատյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանում այսօր կարծես թե կա լեգիտիմ իշխանություն, բայց այդ իշխանության օրոք էլ կա ներքաղաքական լարվածություն, կարծում է ազգագրագետ Հրանուշ Խառատյանը։
«Ներքաղաքական լարվածության պատճառը մեկը չէ, մի քանիսն են։ Բայց կարևորագույն խնդիրներից մեկն այն է, որ հեղափոխությունից շատ ավելի մեծ սպասելիքներ կային, քան այն կարող էր տալ․ բնականաբար՝ սա հանրային դժգոհություն է ստեղծում»,- նշում է նա։
Հրանուշ Խառատյանի խոսքով՝ ներքաղաքական լարվածության պատճառ է նաև բազմակուսակցական համակարգը։
«Երբևէ կուսակցությունների միջև չի եղել այսքան լարվածություն, ինչքան այսօր։ Սկզբունքորեն 1995 թվականին կար հաղթած կողմ և պարտված կողմ, հիմա կողմերը շատ են և տարբեր։ Եվ այդ բազմաթիվ կողմերն ունեն իրենց՝ իշխանությունում լինելու հայտերի տարբեր մակարդակներ և տարբեր չափով պատրաստված քաղաքական հռետորաբաններ, որոնց մի մասը շատ լարված մթնոլորտ է առաջացնում»,- նշում է Հրանուշ Խառատյանը։
Լարվածություն, ըստ նրա, կա ոչ միայն իշխանության տարբեր կողմերի, այլև ժողովրդի կողմից, դրա վառ ապացույցն են ցույցերը և բողոքի ակցիաները։
«Եթե հասարակության մեջ 6-7 տոկոսը ակտիվ են, նշանակում է հասարակությունն առողջ է, այսինքն՝ իր ակնկալիքները արտահայտելու կարողություն ունի։ Այս պահին այդ դիսկուրսի մեջ ներառված է այդ 6-7 տոկոսը»,- նշում է Հրանուշ Խառատյանը։
Ըստ ազգագրագետի՝ անառողջ մթնոլորտը կտևի այնքան, մինչև իշխանությունը չունենա հստակ ծրագիր։
«Այս պահին ընդհանուր առմամբ չկա իշխանության կողմից առաջարկված ծրագիր։ Քաղաքական իրական բանավեճը ծրագրերի շուրջ է լինում․ այս պահին կա քաղաքական ծրագրի պահանջարկ։ Հասարակությունը և քաղաքական տարբեր ուժեր կարող են իրենց առաջարկն անել, բայց նրանք էլ չեն անում, քանի որ թվում է, որ կուսակցություններից քիչ թե շատ հայտնիները իրենց ծրագրերը, գաղափարները համարում են հայտնի»,- ասաց նա։
Խառատյանի խոսքով՝ եթե անգամ այլ քաղաքական ուժեր իրենց ծրագրերում ունենան փոփոխություն, նրանք չեն անի դա, քանի որ, իրենց պատկերացմամբ, դա կհամարվի իրենց գործունեության նկատմամբ քննադատական վերաբերմունք, իսկ նրանք այդպիսի վերաբերմունք չունեն իրենց անցյալի նկատմամբ։
Անդրադառնալով ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակին՝ Հրանուշ Խառատյանը նշեց՝ վստահ է, որ Սահմանադրական դատարանն այս պահին գտնվում է նախորդ իշխանության ուժեղ ճնշման տակ։
«Այնպես չէ, որ Սահմանադրական դատարանի անդամներն այդպես կառչած են գաղափարին։ Ես կարծում եմ՝ նրանց վրա այնպիսի ճնշում կա, որ չեն կարողանում հաղթահարել դա։ Այս պահին դա ամենակարևոր և ամենառարկայորեն աշխատող այն օղակն է, որի վրա նախորդ իշխանությունը ռևանշով փորձում է իշխանության գալ կամ անկարելի է դարձնում այս իշխանության հետագա քայլերը, որով արատավորում է և մեր հասարակությանը շատ վնասում է»,- նշեց նա։