Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Աշոցքի մոտակայքում տեղի ունեցած երկրաշարժին հետևել է 24 հետցնցում

Հունվարի 18-ին, տեղական ժամանակով ժամը 05:28-ին Հայաստանի Հանրապետության հարավ-արևմտյան հատվածում՝ Շիրակի մարզի Աշոցք գյուղից 10 կմ դեպի հարավ-արևելք, գրանցվել է երկրաշարժ։ Այդ մասին հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Սեյսմիկ ցնցման ուժն ըստ Ռիխտերի սանդղակի կազմել է 3.6 մագնիտուդ, ուժգնությունն էպիկենտրոնային գոտում՝ 4-5 բալ, իսկ հիպոկենտրոնի (օջախի) խորությունը՝ 10 կմ։

Երկրաշարժին հետևել է 24 հետցնցում՝ առավելագույնը 2.4 մագնիտուդ։

Երկրաշարժը Ջավախքի սեյսմաակտիվ ընդարձակման գոտում է, որին բնորոշ են մեծ քանակությամբ թույլ սեյսմիկ ցնցումներ, իսկ միջին ուժգնության երկրաշարժերից հետո լինում են բազմաթիվ հետցնցումներ։

Այսպիսով՝ հունվարի 18-ին գրանցված երկրաշարժը և նրան հաջորդած հետցնցումներն արտառոց չեն Ջավախքի գոտու համար և չեն կարող դառնալ խուճապի պատճառ։

ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունն իրականացնում է շուրջօրյա հերթապահություն և սեյսմիկ իրավիճակի մշտադիտարկում, պարբերաբար գնահատում ընթացիկ սեյսմիկ վտանգը ՀՀ և ԱՀ տարածքներում։ Թուլացող հետցնցումները ցույց են տալիս, որ սեյսմիկ ակտիվությունը նվազում է: