Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Սպանդանոց կառուցելու ցանկություն հայտնողների քանակը մի քանի օրվա ընթացքում կտրուկ ավելացել է. ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալներ Նարեկ Հայրապետյանն ու Գարիկ Սարոյանն այսօր հանդիպել են սպանդանոցային մորթի անցման պարտադիր պայմանից դժգոհող մսավաճառների և ֆերմերների հետ:

ՍԱՏՄ պատասխանատուները նրանց ներկայացրել են սպանդանոցների ներկայացուցիչների հետ նախօրեին ձեռք բերված պայմանավորվածությունները, պատասխանել խնդրահարույց հարցերին: Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Գարիկ Սարոյանը պարզաբանել է, որ սպանդանոցները խոզերի սպանդն իրականացնելու են առավելագույնը 5000, մանր եղջերավոր կենդանիներինը՝ 3500, իսկ խոշոր եղջերավոր կենդանիներինը՝ 10000 ՀՀ դրամով: Իսկ կենդանի  կենդանիների տեղափոխումը սպանդանոց և սպանդի արդյունքում ստացված կենդանական ծագման մթերքի տեղափոխումը 3 գլուխ կենդանուց ոչ պակաս սպանդանոցից մինչև 30 կմ շառավղով հեռավորության վրա կիրականացվի անվճար, 1 գլուխ կենդանու դեպքում՝ 3000 ՀՀ դրամով:

Սպանդանոցների անհրաժեշտ քանակի վերաբերյալ մտահոգություններին ի պատասխան ասվել է, որ այս պահին արդեն գործող 25 սպանդանոցների հզորությունները կարող են բավարարել Երևանի մսի պահանջարկը:  Առաջիկայում շահագործման կհանձնվի ևս 23 սպանդանոց, որոնք արդեն ի վիճակի կլինեն ծածկել ողջ հանրապետության պահանջարկը: Նշվել է նաև, որ սպանդանոցային մորթի պահանջի պարտադիր պայմանի նկատմամբ վերահսկողության խստացումը գրավել է ներդրողների ուշադրությունը. սպանդանոց կառուցելու ցանկություն հայտնողների քանակը մի քանի օրվա ընթացքում կտրուկ ավելացել է:

Դժգոհություն է եղել, թե գործող սպանդանոցները չեն կարող ապահովել մորթի օրական անհրաժեշտ ծավալը: Տեղում արված հեռախոսազանգի արդյունքում, ի լուր հավաքվածների սպանդանոցի տերը պնդել է, որ իրենք մեկ օրում ի վիճակի են իրականացնել մինչև 120 գլուխ խոշոր եղջերավորի մորթ:

«Ինչ վերաբերում է սպանդանոցային մորթի պարտադիր պահանջի հետաձգմանը, ապա նման լիազօրություն ՍԱՏՄ-ն չունի: Մենք տեսչական-վերահսկողական գործառույթներ իրականացնող մարմին ենք և մեր պարտականությունները կատարելու ենք՝ օգտագործելով հասանելի ողջ գործիքակազմը»,- ասել է ՍԱՏՄ ղեկավարի տեղակալ Նարեկ Հայրապետյանը:

 

 

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին