Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Մշակույթ

«Դրսից ավելի խուճապային ու փոթորկալի էր երևում թատրոնում տիրող իրավիճակը, քան իրականում կար»․ Մարիաննա Մխիթարյան (տեսանյութ)

Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի նորընտիր տնօրեն, դերասանուհի Մարիաննա Մխիթարյանի խոսքով, դրսից ավելի խուճապային ու փոթորկալի էր երևում թատրոնում տիրող իրավիճակը, քան իրականում կար։ 

Նա վստահեցրեց, որ կոլեկտիվն իրեն ջերմ է ընդունել և հուսով է, որ թատրոնի տնօրենի նախկին պաշտոնակատար, դերասան Յուրի Իգիթխանյանը, ինչպես և նախկին տնօրեն Ֆրեդ Դավթյանը, որոնք պաշտոնաթող լինելուց հետո դուրս եկան թատրոնից, գուցե մի օր կվերադառնան թատրոն՝ որպես դերասաններ։

«Ֆրեդ Դավթյանը ֆանտաստիկ դերասան է, և կան ներկայացումներ, որ նրան, ինչպես և թատրոնի առաջատար դերասան Սերգեյ Մաղալյանին, որ կյանքից հեռացավ անցյալ տարի հուլիսին, անհնար է փոխարինել։ Դրանք անփոխարինելի կորուստներ էին, և անհրաժեշտ էին խաղացանկային նոր ներկայացումներ։ Թատրոնը ունեցավ մի քանի պրեմիերաներ: Փետրվարի 28-ին ևս մեկ պրեմիերա է սպասվում` «Քաջ Նազարը», որը բեմադրում է թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանը»: 

«Ռուսական թատոնն իմ մանկության թատրոնն է, իմ կյանքի էջերից մեկը։ Դեռ փոքր երեխա էի, մայրս աշխատում էր այդ թատրոնում, որպես գրական մասի վարիչ և այսօր էլ կան թատրոնի աշխատակիցներ, որ հիշում են ինձ փոքր հասակից»,- ասում է տիկին Մխիթարյանը և հավելում։ - Տա Աստված, որ նոր ուժերը, նոր ներկայացումները համապատասխանեն թատրոնի երբեմնի այն մակարդակին, որ այն ուներ անցյալում»։