Մեկնարկել է Ռազմիկ Աբրահամյանի եւ առողջապահության նախկին փոխնախարարի գործով դատական նիստը
Աջակցիր «Ա1+»-ինԵրևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում մեկնարկեց մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի և առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանի գործով դատական նիստը:
Մինչ դատական նիստի մեկնարկը դատարանի մուտքի մոտ բողոքի ակցիա էին իրականացնում «Հայոց մայրեր» նախաձեռնության անդամները: Նրանք պահանջում են կալանավորել Աբրահամյանին։ Նիստին մասնակցում են նաև Ռազմիկ Աբրահամյանը և Արսեն Դավթյանը։
Վերջինիս պաշտպան Երեմ Դավթյանը միջնորդություն ներկայացրեց դատական նիստը հետաձգելու վերաբերյալ, Ռազմիկ Աբրահամյանի պաշտպանը, սակայն, չմիացավ միջնորդությանը և նշեց, որ բացասական է վերաբերում այդ միջնորդությանը։ Դավթյանի փաստաբանի հետ համաձայն չէր նաև մեղադրող կողմը։
Դատարանը մերժեց փաստաբան Երեմ Դավթյանի միջնորդությունը։ Այս պահին ապացույցների հետազոտման փուլն է։
Նշենք, որ Ռազիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, ի պաշտոնե լինելով մոր ու մանկան առողջության պահպանման կազմակերպման աշխատանքները և նախարարության միջոցով իրականացվող ֆինանսավորման աշխատանքները համակարգող, առողջապահության նախարարի տեղակալ Արսեն Դավթյանին տվել է առանձնապես խոշոր չափերով կաշառք:
Արսեն Դավթյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա լինելով պաշտոնատար անձ, առանձնապես խոշոր չափերով կաշառք է ստացել ծառայության գծով հովանավորչություն ցուցաբերելու և իր պաշտոնեական դիրքն օգտագործելով որոշակի գործողություններ կատարելուն նպաստելու համար:
Տեղեկացնենք նաեւ, որ դատական նիստը փակ է լուսանկարահանելու և տեսանկարահանելու համար՝ մինչ ապացույցների հետազոտման փուլի ավարտը։